17 մայիսի 2016 - 15:52 AMT
Ադրբեջանի ԱԳ նախարար. Վիեննայի բանակցությունները լավ հիմք են ԼՂ խնդրի կարգավորման համար

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը համաձայն է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն գնահատականի հետ, ըստ որի մայիսի 16-ի հանդիպումը լավ հիմք է բովանդակային բանակցությունների սկսման համար։

Այդ մասին Մամեդյարովը հայտարարել է՝ մեկնաբանելով Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ կայացած հանդիպումը, ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հղումով գրում է Tert.am-ը։

«Այդ բանակցությունները պետք է իրականացվեն որքան հնարավոր է արագ և արդարացնեն տարածաշրջանում բնակվողների և միջազգային հանրության սպասելիքները»,-ասել է Մամեդյարովը։

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը:Հանդիպմանը մասնակցել են երկու երկրի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ հունիսին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կհամաձայնեցնեն հաջորդ հանդիպման վայրն ու ժամկետը, որի ընթացքում կշարունակեն ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման ուղղությամբ աշխատանքը։ «Հիմքեր ունենք ենթադրելու, որ հայկական ու ադրբեջանական կողմը ձգտում են կոմպրոմիս գտնել։ Մենք կաջակցենք դրան»,- ասել է նա։

Սարգսյան. Ալիևը հավաստիացրեց՝ պատերազմելու նպատակ չունի, բայց դա քիչ հավատ է ներշնչում (վիդեո)