5 մարտի 2007 - 17:06 AMT
ANCA-ն կոչ կանի ԱՄՆ Կոնգրեսին վճռական միջոցներ ձեռնարկել ցեղասպանության դրսեւորումների դեմ
ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) որոշել է «Ցեղասպանության միջամտության ցանց» կազմակերպության հետ համատեղ` մարտի 22-ին եւ 23-ին Կոնգրեսում երկօրյա ակտիվ քարոզարշավ անցկացնել, որի նպատակն է խրախուսել Կոնգրեսին` վճռական գործընթաց նախաձեռնել` վերջ տալու ցեղասպանության դարաշրջանին:

Ծրագիրը մարտի 22-ի առավոտյան կմեկնարկի հատուկ բրիֆինգով, որից հետո մասնակիցները երկու օր այցելություններ կիրականացնեն Կոնգրես` կոչ անելով, որ ԱՄՆ-ը գործողություն ձեռնարկի Դարֆուրի ցեղասպանությանը վերջ տալու համար, ընդունի Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը եւ ավելի վճռականորեն գործի ընդդեմ բոլոր ցեղասպանությունների: Մարտի 22-ի երեկոյան` Կապիտոլիումի հատուկ ընդունելության ժամանակ մասնակիցները հնարավորություն կունենան կիսել իրենց փորձը, մտքեր փոխանակել, հաղորդակցվել Կոնգրեսի անդամների հետ եւ նոր կապերով համալրել աճող ազգային կոալիցիան, որը պայքարում է ցեղասպանությունների դեմ:

«Մենք ակնկալում ենք համագործակցել «Ցեղասպանության միջամտության ցանց»-ի մեր բարեկամների հետ, որպեսզի օգնենք ակտիվիստներին` ցեղասպանությանը դեմ գործող կառույցը վերածելու հզոր մի ուժի, որը կպահանջի եւ կցուցաբերի բարոյական հստակություն, կպահանջի որ կառավարությունը վճռական քայլեր ձեռնարկի ընդդեմ բոլոր ցեղասպանությունների` անցյալ եւ ներկա», - ասել է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, հաղորդում է «Երկիր» թերթը: