6 մարտի 2007 - 13:01 AMT
«Զերկալո». Սկզբունքորեն, Բաքուն պատրաստ է դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրանքով
Ադրբեջանը, սկզբունքորեն, պատրաստ է պաշտոնապես դիմել Բրյուսել ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրանքով: Այդ մասին հաղորդում է Բաքվի «Զերկալո» թերթը հղում անելով դիվանագիտական աղբյուրներին: «Ընդ որում սակայն աղբյուրը նշել է, որ պաշտոնական Բաքուն չի շտապում գործել այդ ուղղությամբ, ինչի համար լուրջ պատճառներ կան: Բանը նրանում է, որ պաշտոնական դիմումից հետո, եթե ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովում դրական որոշում կայացվի, կողմերը պետք է անցնեն ինտենսիվ երկխոսության: Այդ շրջանը տեւում է 3-5 տարի: Խնդիրը նրանում է, որ ինտենսիվ երկխոսության փուլում ՆԱՏՕ-ն անվտանգության երաշխիքներ չի տալիս Հյուսիսատլանտյան դաշինքի անդամակցության թեկնածուներին: Իրականում, այդ գործոնը լուրջ խնդիրներ է ստեղծում Ադրբեջանի համար: Չէ որ Ադրբեջանն երեք կողմից շրջապատված է, մեղմ ասած, ոչ բարեկամ պետություններով` Ռուսաստանով, Հայաստանով եւ Իրանով»,-գրում է «Զերկալո» թերթը: Ուստի, հաղորդում է պարբերականը, «գրեթե հարյուրտոկոսանոց համոզվածությամբ կարելի է հայտարարել, որ եթե ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակով պաշտոնական դիմում հղվի Բրյուսել, Ռուսաստանն ու Իրանը գործի կդնեն Ադրբեջանի վրա ազդելու լրացուցիչ մեխանիզմներ»: «Նման դեպքերում ՆԱՏՕ-ի անդամակցության թեկնածու երկրին երաշխիքների տրամադրման հարցը լուծվում է ՆԱՏՕ-ի անդամ-պետությունների, որպես կանոն ԱՄՆ-ի հետ, ռազմաքաղաքական համագործակցության մասին երկկողմ պայմանագրերի միջոցով: «Սակայն Ադրբեջանի դեպքում ԱՄՆ հնարավությունները սահմանափակ են... Ամբողջ խնդիրն այն է, որ գոյություն ունի Ազատության աջակցման ակտի 907-րդ ուղղումը, որը թույլ չի տալիս խախտել Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հավասարությունը: Այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն հնարավորություն ունի ավելի շատ միջնորդավորված ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, այսինքն, ՆԱՏՕ-ի տարբեր ծրագրերի շրջանակներում: Սակայն դա բավարար չէ, հատկապես ճգնաժամային իրավիճակներում»,-նշել է աղբյուրը դիվանագիտական շրջանակներում: Նրա խոսքերով, տվյալ պահին դիտարկվում են նշված խնդրի լուծման տարբերակները: Առաջինն այն է, որ Վաշինգտոնում հուսով են, որ 2007 թվականի առաջին կեսում այնուամենայնիվ կհաջողվի ինչ-որ պայմանավորվածությունների հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ դեպքում Սպիտակ տունն ազատ կլինի իր գործողություններում: Սակայն հակամարտության կարգավորումը մոտ ապագայում հազիվ թե հնարավոր լինի:

Երկրորդը` կարող են համաձայնագրեր կնքվել, որոնք, օրինակ, թույլ կտան «օտարերկրյա զորքերի սահմանափակ համակազմի», առաջին հերթին ամերիկյան համակազմի, ժամանակավոր տեղակայումն Ադրբեջանում «խողովակաշարի կամ արդյունահանքերի համար սպառնալիքի դեպքում»: Սակայն այս տարբերակն էլ հարյուր տոկոսով հուսալի չէ:

Երրորդը` Վաշինգտոնի համաձայնությամբ Ադրբեջանի անվտանգության ապահովման երաշխավորի դերը կարող է ստանձնել ՆԱՏՕ-ի անդամ մեկ այլ երկիր` Թուրքիան: Աղբյուրը նշել է, որ այս ուղղությամբ ակտիվ բանակցություններ են ընթանում: Սակայն այս տարբերակն էլ իր բացասական կողմերն ունի: Աղբյուրը նշել է նաեւ, որ Բրյուսելում նյարդայնացած են ոչ միայն այն հանգամանքով, որ պաշտոնական դիմումը Բաքվի կողմից հապաղում է, այլ նաեւ այն, որ Ադրբեջանն, ի տարբերություն Հայաստանի, ոչ միայն մինչեւ վերջ, այլ նույնիսկ կիսով չափ չի կատարում իր ստանձնած պարտավորությունները ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործակցության ծրագրի շրջանակներում: Սակայն վերջերս, ինչպես ասվում է, սառույցը տեղից շարժվել է, նշել է ազբյուրը»,-գրում է «Զերկալո» թերթը: