23 մայիսի 2016 - 13:26 AMT
Ամերիկացի գեներալ. Հայ խաղաղապահներն իրենց գերազանց են դրսևորել

Հայ-ամերիկյան զինված ուժերի միջև հարաբերությունները զարգանալու ներուժ ունեն: Մայիսի 23-ին Ավան վարչական շրջանում ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի հանդիսավոր բացումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ գնդապետ Ֆրեդերիկ Բեն Հոջեսը:

«Մեր գլխամասային շտաբը գտնվում է Գերմանիայում: Ինչպես գիտեք, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կա գործակցություն՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Ես այստեղ եմ՝ շարունակելու մեր բարեկամությունը և ամրապնդելու կապերն ու հարաբերությունները հայկական զինված ուժերի և ամերիկյան ուժերի միջև»,-ասել է Ֆրեդերիկ Բեն Հոջեսը, մեջբերում է Panoram.aam-ը:

Ամերիկացի գեներալը նշել է, որ հայ զինծառայողները խաղաղապահ առաքելությունների շրջանակում իրենց գերազանց են դրսևորել:

2004-ին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում Հունգարիայի Բուտապեշտ մայրաքաղաքում տեղի ունեցող դասընթացների ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարեց հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին: Ռ. Սաֆարովը հունգարական դատարանի կողմից դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն 2012-ի օգոստոսի 31-ին Սաֆարովը հանձնվեց Ադրբեջանին՝ հետագա պատիժն այնտեղ կրելու համար:

Երևանում 2015-ի հոկտեմբերի 4-ին մեկնարկած «Խաղաղապահական գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումի» ամենամյա համաժողովի բացման խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ չնայած ՀՀ սահմաններում հակառակորդի նախահարաձակ գործողութունները զսպելու, պատժելու հարցերին, մենք հաստատակամորեն և հետաևողական զարգացնում ենք Հայաստանի խաղաղապահ կարողությունները:

«Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապությանը շարունակաբար ընդլայնվում է՝ և աշխարհագրության, և որակական և քանական իմաստով: Ներկայումս Հայաստանը հանդիսանում է միջազգային խաղաղապահությանը և անվտանգության ակտիվ ներդրող՝ այդ նպատակով օգտագործելով իր կուտակած փորձը»,- ընդգծել է Օհանյանը: