25 մայիսի 2016 - 11:29 AMT
Իսրայելը նամականիշ կտպի հրեաներին փրկած Ազնավուրի ծնողների հիշատակին

Նյու Յորքում վերջերս անցկացրած հանդիպման ժամանակ Շառլ Ազնավուրը պատմել է Ռաուլ Ուոլենբերգի հիմնադրամի ներկայացուցիչներին Ֆրանսիայի նացիստական բռնազավթման ժամանակ իր, իր քույր Աիդայի և ծնողներ Քնարի և Միշայի կյանքի որոշ դրվագների մասին:

Ազնավուրները սեփական տանն ապաստան են տրամադրել փրկություն փնտրող հրեաներին, հայերին ու նացիստների կողմից որոնվող այլ մարդկանց:

Հիմնադրամի նախագահ Էդուարդո Էռնեկյանն ու հիմնադիր Բարուխ Թենեմբաումը անձնական նամակով շնորհավորել են 92-ամյակի կապակցությամբ ու հայտնել են, որ Իսրայելի փոստային ծառայությունը նամականիշներ կտպի Միշա և Քնար Ազնավուրների պատվին: Ինքը Շարլ Ազնավուրն ու իր քույր Աիդան կպարգևատրվեն Ռաուլ Ուոլենբերգի հիմնադրամի մեդալով:

Գերմանական զորքերն օկուպացրել են Ֆրանսիան Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, իրականացնելով ոչնչացման ծրագիրը նաև այդ երկրում ապրող ու ապաստանած հրեաների հանդեպ: Տարբեր գնահատականներով, օկուպացիայի ընթացքում սպանվել է մինչև 120 հազար ֆրանսիացի հրեա: