Քաղաքում արձան շարելը չպիտի լինի ինքնանպատակ: PanARMENIAN.Net-ի հետ զրույցում այս կարծիքն է հայտնել ճարտարապետ Արսեն Կարապետյանը:
Մայիսի 25-ին հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը տեղադրվել է Վերնիսաժին հարող զբոսայգում:Քանդակագործն է Գագիկ Ստեփանյանը, ճարտարապետը` Ասլան Մխիթարյանը:
«Քաղաքաշինական տեսանկյունից բացարձակ անհասկանալի է պուրակի միջին մասում այսպիսի ուժեղ շեշտ ունենալը: Ընդհանրապես, Հայաստանում վերջին ժամանակների քաղաքաշինական ուղղաձիգ ձգտումները, խիստ սիմետրիկությունը ստալինյան ժամանակների կարոտախտի դրսևորումներն են, սակայն քանի որ, ժողովրդական լեզվով ասած, տակը բան չկա, բացի ցանկություններից, արդյունքն էլ համապատասխանում է կարողություններին», - ասաց Կարապետյանը:
Նա հավելեց. «Մյուս կողմից, զավեշտալի է, տպավորություն կա, որ Նժդեհը դեմ է Վարդան Մամիկոնի մուտքին Հանրապետության հրապարակ: Իսկ բուն արձանը քննադատելու ցանկություն չկա, դարն ապրած, ծեծված հորինվածքով է, մի խոսքով, շատ ափսոս»:

SNKH Ճարտարապետական արվեստանոցի ճարտարապետ Աշոտ Սնխչյանն, իր հեթին, PanARMENIAN.Net-ին ասաց, որ արձանի ճարտարապետական լուծումները տոտալիտար համակարգերի էսթետիկա ունեն:
«Խիստ կենտրոնական առանցք, սիմետրիկ կոմպոզիցիա, աստիճաններ դեպի «հուշարձան»: Ճարտարապետությունը միշտ արտահայտում է հեղինակի և/կամ պատվիրատուի քաղաքական և քաղաքացիական պատկերացումները: Այս դեպքում, կարծում եմ, երկուսն էլ համընկել է: Ինչ վերաբերվում է հենց Նժդեհի պատկերումին, ապա կարծում եմ բոլորին զարմացրեց ակնհայտ նմանությունը Պետրոս առաջինին»:
Ճարտարապետը նշեց, որ իրեն անհանգստացնում է նաև վերջին շրջանում Երևանում կանգնեցվող արձանների ռեալիստական պատկերման միտումը:

SNKH արվեստանոցի մյուս ճարտարապետ Արմինե Սնխչյանին դուր չի եկել հուշարձանի մասշտաբը:
«Այն չի համապատասխանում զբոսայգու համաչափությանը: Կարծում եմ՝ ավելի ցածր պիտի լիներ: Նաև սխալ եմ համարում, որ հուշարձանը ճակատային լուծում ունի: Այսինքն այն միայն դիմացից է ընկալվում իր ամբողջական լուծմամբ», - նկատեց ճարտարապետը:
Արձանի բացումը տեղի կունենա մայիսի 28-ին: