1 հունիսի 2016 - 12:19 AMT
Նախագահ. Գերմանիան 1915-ի դեպքերի համար պատմական պատասխանատվություն է կրում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գերմանական առաջատար Bild պարբերականի հետ զրույցում, անդրադառնալով հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի քննարկմանը, ասել է, որ Հայաստանի համար շատ կարևոր է Բունդեսթագի կողմից ճանաչումը, ինչպես նաև` նման հանցագործության չկրկնվելը:

Հունիսի 2-ին Գերմանիայի Բունթեսթագում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Դա առաջացրել է Թուրքիայի ղեկավար և ընդդիմադիր շրջանակների զայրույթը, որոնք ամեն կերպ ձգտում են խափանել Գերմանիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության ճանաչումը:

«Գերմանիայի նախագահը դեռ անցյալ տարի հստակ բառեր գտավ կատարվածը նկարագրելու համար և հանցագործությանը տվեց այն որակումը, ինչ իրականում եղել է՝ Ցեղասպանություն: Մեր երկրի համար շատ կարևոր է, որ Բունդեսթագն ուզում է ընդունել այդ բանաձևը: Սակայն կարևոր է ոչ միայն դա, այլ նաև այն, որ նման ցեղասպանություն այլևս աշխարհի ոչ մի կետում չպետք է տեղի ունենա: Սա ևս մի կարևոր արդյունք է, որը կունենա այս բանաձևը:», - ասել է նախագահը:

Սարգսյանը զրույցում նկատել է, որ ոչ մի գերմանացի քաղաքական գործիչ չի ժխտում ցեղասպանության փաստը, նույնիսկ նրանք, ովքեր այժմ դեմ են հանդես գալիս բանաձևին: Նախագահը հույս է հայտնել, որ այդ գոծիչները հավատարիմ կմնան ընդհանուր արժեքներին և դրանք վեր կդասեն ժամանակավոր քաղաքական շահերից:

Սարգսյանը նաև կարծիք է հայտնել, որ Գերմանիան նույնպես պատմական պատասխանատվություն է կրում 1915-ի իրադարձությունների համար, գրում է Panorama.am-ը:

«Գերմանական կայսրությունը, լինելով Օսմանյան կայսրության դաշնակիցը, պատմական ականատեսն էր այդ հանցագործությունների և կարող էր ինչ-որ քայլեր անել դրանց կանխարգելման համար: Սակայն ոչինչ չի արվել:

Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվություն է կրում և պարտավոր է հատկապես բարոյական տեսանկյունից պաշտպանել արժեքները, որոնք ոչ մի փոխզիջում չեն ճանաչում»,- ասել է նախագահը:

Հարցին, թե ըմբռնումո՞վ ենք մոտենում, որ գերմանացի քաղաքական գործիչները վախենում են էրդողանի սուր արձագանքից, Սարգսյանը պատասխանել է.

«Ոչ, ես դա չեմ կարող հասկանալ: Գերմանիան հզոր երկիր է, և Բունդեսթագի ձայնը աշխարհում ամենուր լսելի է: Եվ հենց այդ պատճառով Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվություն է կրում ու իրավունք չունի բարոյական հարցերում, ինչպես օրինակ, արժեքները պաշտպանելն է, զիջումների գնալ: Երբ կարճաժամկետ քաղաքական շահերի պատճառով մեկ անգամ զիջումների են գնում, ապա դա կրկնում է նորից ու նորից: Եվ դա վատ է ոչ միայն Գերմանիայի համար, այլ նաև Եվրոպայի և ամբողջ աշխարհի»:

Հարցին, թե ի՞նչ կլինի, եթե էրդողանը Բունդեսթագի բանաձևից հետո փախստականների հարցով համաձայնությունը տապալի, նախագահն ասել է.

«Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ առանց դրա էլ այդ գործարքը «կավե ոտքեր» ունի և դժվար է դա կյանքի կոչել այնպիսի գործընկերոջ հետ, ինչպիսին Թուրքիան է: Եվ հաստատ վստահ եմ, որ փախստականների գործարքի տապալումը ոչ մի կապ չունի ցեղասպանության բանաձևի հետ: Արդարացի չէ, որ Հայոց ցեղասպանությունը չանվանվի ցեղասպանություն, միայն որովհետև մեկ այլ երկրի ղեկավար դրանից կզայրանա: Բունդեսթագի քաղաքական գործիչները դա նույն կերպ են ընկալում և թույլ չեն տա իրենց վախեցնել»:

Խոսելով ԼՂ հակամարտության շուրջ, Սարգսյանը հայտնել է, որ այս պահին իրավիճակը հանդարտ է, կրակոցներ չկան:

«Սակայն երբ սկսվեց Ադրբեջանի զինված հարձակումը, մենք չտեսանք միջազգային համերաշխություն: Մենք կցանկանայինք, որպեսզի ավելի հստակ արտահայտվեին, թե ինչ է այնտեղ տեղի ունենում, այն է՝ Ադրբեջանի հարձակում»:

Կարդացեք նաև՝ Թուրքիայի վարչապետը Ցեղասպանության բանաձևի հարցով Մերկելին է դիմել. Համոզում է հետ կանգնել