14 մարտի 2007 - 16:12 AMT
ՀԱՊԿ-ն եւ ՎՈՒԱՄ-ը չեն կարող ներկայացված լինել ՆԱՏՕ-ում, քանի որ Դաշինքի կանոնադրությունը արգելում է միավորումների անդամակցությունը
«Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ն նորմալ հարաբերություններ ունի, ՌԴ-ն մասնակցում է 27 ձեւաչափով հանդիպումներին, այլ ոչ թե 26+1 ձեւաչափով եւ իրավունք ունի իր տեսակետն արտահայտել»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը: Նրա խոսքերով, Դաշինքի կառույցներում աշխատում են 19 խմբեր Ռուսաստանից եւ ավելի քան 30 ռազմական խորհրդականներ: «ՀԱՊԿ-ն եւ ՎՈՒԱՄ-ը կցանկանային ներկայացված լինել ՆԱՏՕ-ում, սակայն չեն կարող, քանի որ Դաշինքի կանոնադրությունը արգելում է դաշինքների անդամակցությունը` յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է անդամակցում ՆԱՏՕ-ին»,-նշել է Մկրտչյանը: Նա նկատել է, որ Դաշինքին անդամակցելու հերթում են Մակեդոնիան, Ալբանիան եւ Խորվաթիան: Վրաստանի եւ Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպանն ասել է, որ լիիրավ անդամակցությունը տեւական գործընթաց է: «Մասնավորապես, Վրաստանը պետք է բարեփոխի զինված ուժերը, մի շարք պայմաններ կատարի, որպեսզի հնարավոր լինի լրջորեն խոսել Դաշինքին անդամակցելու մասին»,-ընդգծել է Մկրտչյանը:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի զորքերի մասնակցությանը Իրանի վրա ԱՄՆ հարձակման դեպքում, ապա հայ դիվանագետն ընդգծել է, որ «իրանական խնդիրը ՆԱՏՕ-ի օրակարգում չկա»: