15 մարտի 2007 - 15:41 AMT
Անկարան համաձայն է Նիկոսիան հունական եւ թուրքական մասերի բաժանող պատի ապամոնտաժմանը
Անկարան հայտարարել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության իշխանությունների հետ իր համերաշխության մասին շուրջ 40 տարի Նիկոսիան թուրքական եւ հունական մասերի բաժանող պատի ապամոնտաժման հարցում: Թուրքական ԱԳՆ ներկայացուցիչ Լեվենտ Բիլմանը նշել է, որ Թուրքիան կիսում է այն դիրքորոշումը, որն այդ հարցում որդեգրել է Հյուսիսային Կիպրոսի նախագահը: Այդ մասին նա չորեքշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Անկարայում:

«Հյուսիսային Կիպրոսը դեռեւս 2005 թվականին է ապամոնտաժել արգելապատնեշները եւ անցակետերը իր մասում եւ կոչ էր արել հունակիպրոսյան վարչակազմին երկկողմանիորեն բացել սահմանը: Երկու տարի անց հունակիպրոսյան իշխանությունները վերջապես քանդեցին իրենց կողմի պատը: Հյուսիսաին Կիպրոսի նախագահ Մեհմետ Ալի Թալաթն ուշացած, սակայն դրական անվանեց այդ որոշումը, եւ Թուրքիան կիսում է այդ դիրքորոշումը»,-ընդգծել է թուրք դիվանագետը:

Մարտի 9-ին Կիպրոսի Հանրապետության իշխանությունները հանձնարարել են սկսել մայրաքաղաք Նիկոսիան հունական եւ թուրքական մասերի բաժանող պատի ապամոնտաժումը: Շատերի համար այդ ակցիան անսպասելի էր, քանի որ որեւէ հայտարարություն տեղական իշխանությունները չին արել: Արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Խավյեր Սոլանան անիրական անվանեց հաղորդագրությունները Կիպրոսի մայրաքաղաքը բաժանող պատի ապամոնտաժումը սկսելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Նիկոսիան գտնվում է Կիպրոսի Հանրապետության եւ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության կողմից վերահսկվող տարածքների սահմանագծում, այն դեպքում երբ չճանաչված «թուրքական» Կիպրոսի բնակիչները Եվրամիությունից դուրս են: Կղզու հյուսիսային մասի համար գործում է նաեւ միջազգային էմբարգոն, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: