11 հունիսի 2016 - 10:30 AMT
Շարմազանով. Նժդեհը ազգային հերոս է` անթույլատրելի և անհարկի է այդ հարցի շահարկումը

Գարեգին Նժդեհը Հայաստանի ազգային հերոս է, ինչպես Ալեքսանդր Նևսկին, Ալեքսանդր Սուվորովը, մարշալ Կուտուզովը, Բագրատիոնը` եղբայրական ռուս ժողովրդի համար: Այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, հայտնում է Tert.am-ը:

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունիսի 10-ին հայտարարել է, որ «Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգիոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմամբ»:

«Եվ որպես պատմաբան, ցանկանում եմ ընդգծել, որ Գարեգին Նժդեհը ֆաշիզմի և ազգայնամոլության հետ որևէ կապ չի ունեցել: Նժդեհը ազգանամոլ չէ, նա հայ հայրենասեր է. անթույլատրելի և անհարկի է այդ հարցի շահարկումը»,-հավելել է նա:

ԱԺ փոխխոսնակը հիշեցրել է, որ 1939 թվականին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Մոլոտովը Գերմանիայի հետ համաձայնագիր ստորագրեց չհարձակվելու մասին, բայց ոչ ոք նրան ֆաշիստ կամ ազգայնամոլ չի համարում. «Բոլորը հասկանում են, որ այդ համաձայնագիրը ստորագրվեց, քանի որ բխում էր ԽՍՀՄ-ի և սովետական ժողովրդի շահերից, որպեսզի կանխվեր ֆաշիստական Գերմանիայի հնարավոր հարձակումը: Նույնը եղել է Նժդեհի պարագայում. նա համագործակցեց Գերմանիայի հետ, որպեսզի Գերմանիայի հաղթանակի դեպքում հնարավոր լինի կանխել Բեռլինի դաշնակից Թուրքիայի հարձակումը Հայաստանի վրա»:

Միաժամանակ Զախարովան նշել էր, որ Մոսկվայի համար հիմնական ցուցիչը Երևանի վերաբերմունքն է Հայրենական պատերազմում հաղթանակի հիշատակի պահպանմանը և մայիսի 9-ի տոնին: Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանը ՄԱԿ ռասիզմի, նացիզմի ու նեոնացիզմի դեմ պայքարի կոչ անող բանաձևի համահեղինակն է:

Մայիսի 25-ին հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը տեղադրվել է Վերնիսաժին հարող զբոսայգում: Քանդակագործն է Գագիկ Ստեփանյանը, ճարտարապետը` Ասլան Մխիթարյանը: Արձանի բացումը տեղի է ունեցել մայիսի 28-ին՝ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ: Արձանը բացել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Գարեգին Նժդեհի ծոռը՝ Արմեն Բաբայանը: ՀՀ նախագահը ծաղիկներ է դրել արձանին և հարգանքի տուրք մատուցել ականավոր գործչի հիշատակին: