19 մարտի 2007 - 15:08 AMT
Բացվել է Իրան-Հայաստան գազամուղը
Մարտի 19-ին Ագարակում` հայ-իրանական սահմանին բացվել է Իրան-Հայաստան գազամուղը: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են երկու երկրների նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Մահմուդ Ահմադինեջադը, պաշտոնատար այլ անձինք: Գազամուղի բոլոր շինարարական աշխատանքներն ավարտված են, այժմ այն տեստավորվում է: Ավարտից հետո, մի քանի ամիս անց իրանական գազամուղը լիովին կմիացվի Հայաստանի գազաբաշխիչ համակարգին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:

141 կմ երկարությամբ Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունը սկսվել էր 2004 թվականի նոյեմբերին: Առաջին փուլում Հայաստանը օրեկան կստանա 1,5 մլն խորանարդ մետր իրանական գազ: Նախագծի երկրորդ փուլով նախատեսվում է Քաջարանից Արարատ գազամուղի շինարարությունը` 150 կմ երկարությամբ: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 200-250 մլն դոլար:

Գազամուղի շինարարությունն իրականացնում են երեք կողմերը` Իրանը, Հայաստանը եւ Ռուսաստանն ի դեմս «Գազպրոմ» ԲԲԸ-ի եւ ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի» ընկերության: Առաջիկա 20 տարիներին Իրանը Հայաստան կառաքի 36 մլրդ խորանարդ մետր գազ: «Երկնագույն վառելիքը» Հայաստանում կվերամշակվի էլեկտրաէներգիայի, որը կարտահանվի կրկին Իրան: