19 մարտի 2007 - 17:41 AMT
Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի հետ լավ հարաբերությունների պատճառով
«Այն փաստը, որ Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը օրենսդրական մակարդակով, չի նշանակում, որ այդ պատմական փաստը ժխտվում է կամ անտարբերության է մատնվում»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի լեյբորիստական կուսակցության անդամ, Իսրայելի կանանց շարժման նախագահ Նուրիտ Լեվին: Նրա խոսքերով, Հայոց ցեղասպանությունը օրենսդրական մակարդակով չճանաչելու պատճառներից մեկը լավ դիվանագիտական հարաբերություններն են Թուրքիայի հետ: «Այս հարցի լոբբինգում մեծ կարող է լինել իսրայելցի կանանց դերը, եւ մենք, իհարկե, կանենք դա մեր ուժերի ներածին չափով: Մենք, ինչպես եւ դուք, մեծ սփյուռք ունենք, եւ մենք հասկանում ենք, թե ինչ է դա նշանակում` ապրել հայրենիքից հեռու: Այդ կյանքը մեր ժողովրդին հասցրեց Հոլոքոսթի, ուստի մեզ համար հասկանալի է նաեւ ձեր մեծ ողբերգությունը»,-ասել է Իսրայելի կանանց շարժման ղեկավարը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
Իսրայելի Քնեսեթը մարտի 14-ին չընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Քվեարկության պահին ներկա էին 27 պատգամավոր, բանաձեւի ընդունմանը կողմ են քվեարկել միայն 12-ը 120-ից: Հարցը օրակարգում էր ընդգրկվել Merez կուսակցության նախաձեռնությամբ, որը 6 մանդատ ունի Քնեսեթում: Բանաձեւի հեղինակն է Մենահեմ Աուրոնը` ցեղասպանության եւ Հոլոքոսթի հայտնի մասնագետ Յաիր Աուրոնի եղբայրը: