14 հունիսի 2016 - 15:38 AMT
ՈւԵՖԱ-ի որոշումը. Հետաձգված որակազրկում և €150.000 տուգանք Ռուսաստանին

ՈւԵՖԱ-ն հետաձգված որակազրկում է սահմանել Ռուսաստանի հավաքականի համար Անգլիայի հետ խաղում ռուս երկրպագուների պահվածքի համար: Ռուսաստանի ֆուտբոլային միությունը կտուգանվի €150 հազարով: Հետաձգված որակազրկումը նշանակում է, որ Ռուսաստանի հավաքականը կհեռացվի Եվրոպայի առաջնությունից, եթե խախտումները կրկնվեն, հայտնում է Ինտերֆաքսը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտնել է, որ Կրեմլը չի կիսում որոշ պաշտոնյաների կարծիքը, որոնք աջակցություն են հայտնել ռուս ֆանատներին Ֆրանսիայում: Պեսկովը նաև ընդունել է, որ երկրպագուները խախտումներ են թույլ տվել:

«Ընդհանուր առմամբ, անկասկած, կարելի է ասել, որ եղել են հակաիրավական գործողութուններ երկրպագուների կողմից: Այս դեպքում ես նկատի ունեմ տարբեր երկրների երկրպագուներին, որոնք իսկական անկարգություններ են հրահրել Մարսելում և մի շարք այլ քաղաքներում»,-աել է Պեսկովը:

Հունիսի 14-ին Ֆրանսիայի ոստիկանությունը հայտարարեց ռուս երկրպագուներին արտաքսելու մասին: Հունիսի 10-ին Ֆրանսիայում մեկնարկած ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընթացքում բախումներ են եղել երկրպագուների և տեղի բնակիչների մասնակցությամբ: Հատկապես, լարված իրավիճակ է ստեղծվել Ռուսաստան-Անգլիա խաղի շուրջ: Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ և ջրանետ մեքենաներ կիրառել: