20 մարտի 2007 - 15:51 AMT
Հայաստանի իշխանությունները շահագրգռված են ազատ եւ արդար ընտրությունների անցկացման հարցում
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է ԵԱՀԿ/Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) մայիսի 12-ին կայանալիք Հայաստանի խորհդարանական ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Բորիս Ֆռլեցին: Բորիս Ֆռլեցը տեղեկացրեց, որ խորհրդարանական ընտրություններին երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով մարտի 19-ին Երեւանում բացվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կենտրոնատեղին եւ Հայաստան է ժամանել ԵԱՀԿ-ի երկարաժամկետ դիտորդական առաքելության առաջին խումբը: Մայիսի 12-ի նախօրեին Հայաստան կժամանեն ԵԱՀԿ-ը ներկայացնող 300 դիտորդներ, որոնք կիրականացնեն կարճաժամկետ դիտորդական առաքելություն:

Իր հերթին, պատրաստակամություն հայտնելով աջակցել դիտորդներին իրենց առաքելության անցկացման հարցում` ՀՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծեց Հայաստանի իշխանությունների շահագրգռվածությունը ազատ եւ արդար ընտրությունների անցկացման հարցում: Հատուկ կարեւորվեց ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի դերակատարությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: