16 հունիսի 2016 - 11:06 AMT
Շվեյցարիան մտափոխվել է` ԵՄ-ին չի անդամակցի

Շվեյցարիան հետ կվերցնի Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ իր հայտը: Այդպիսի որոշում է իր նիստում կայացրել երկրի խորհրդարանը:

Կանտոնների խորհրդում, որը համարվում է խորհրդարանի «ստորին պալատը», ԵՄ-ին անդամակցության հայտի չեղարկման օգտին է քվեարկել 77 պատգամավոր, 13-ը դեմ է եղել: Այդպիսով, հաստատվել է Ազգային խորհրդի` խորհրդարանի «մեծ պալատի» որոշումը, որտեղ հայտի չեղարկման օգտին 126 ձայն տրվեց, դեմ` 46: 18 խորհրդարանական չեզոք դիրքորոշում է հայտնել, հայտնում է «Իզվեստիան»:

Շվեյցարիան Եվրամիությանն անդամակցելու հայտ էր ներկայացրել դեռ 1992-ին, որը մինչ օրս չի քննարկվել: 2016-ին երկրում անցկացվեց սոցիոլոգիական հետազոտություն, որի արդյունքում հայտնի դարձավ, որ շվեյցարացիների մեծ մասը չի ցանկանում, որ երկիրն անդամակցի Եվրամիությանը:

Ըստ մայիսի վերջում հրապարակված ամենամյա սոցիոլոգիական «Անվտանգություն-2016» հետազոտության, Շվեյցարիայի քաղաքացիները բարձր են գնահատում իրենց երկրի անկախ տնտեսական քաղաքականությունն ու չեն ցանկանում անդամակցել ԵՄ-ին: 2015-ի համեմատ ԵՄ-ին անդամակցելու կողմնակիցների քանակը 21%-ից նվազել է մինչև 16%: Միաժամանակ շատ բարձր է մնում աջակցությունը Շվեյցարիայի չեզոք կարգավիճակին` 95%: Նույն ցուցանիշն արձանագրվել է նաև 2015-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը: