16 հունիսի 2016 - 11:52 AMT
Թուրքիայի հայկական համայնքը՝ Աթեշյանի մասին. Մեր հոգևոր առաջնորդը չի, նրա՝ ՀՀ այցին դեմ ենք

Հունիսի 16-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է Թուրքիայի հայկական համայնքի պաշտոնական նամակը՝ Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի վերաբերյալ:

Հունիսի 15-ին պատրիարքարանի պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը Հայաստան կայցելի: Նշվում է, որ Աթեշյանը հունիսի 15-ին մեկնում է Ռուսաստան, որտեղից էլ կուղևորվի դեպի Հայաստան՝ մասնակցելուԳերագույն հոգևոր խորհրդի նիստերին, ինչպես նաև Հռոմի պապի՝ Հայաստան այցելության միջոցառումներին:

«Մենք, որպես արևմտահայ քաղաքացիներ, ձեր միջոցով դիմում ենք ՀՀ պատկան մարմիններին և Մայր աթոռ սուրբ Էջմիածնի պատասխանատուներին, որպեսզի թույլ չտան Արամ Աթեշյանի մասնակցությունը Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին, ով հակահայ հայտարարություններով Թուրքիայի հայությունը և ընդհանրապես, արևմտահայության արժանապատվությունը վարկաբեկելով թուրքական կառավարության քարոզչական մեքենայի գործիքն է դարձել:

Բողոքում ենք Աթեշյանի՝ Հայաստան այցի դեմ, իրեն հորդորում ենք զերծ մնալ հավաքական ցանկացած հայտարարություն անել հայության անունից և այլևս ոտք չդնել մայր Աթոռ Էջմիածնի սրբազան տարածքի ներս:

Մենք՝ ներքոստորագրյալներս, Աթեշյանին չենք համարում մեր հոգևոր առաջնորդ և նույնիսկ մեր եկեղեցու սրբազնության արժանի հոգևորական, քանի որ ինքն ընտրված չէ մեր ժողովրդի քվեներով և պաշտպանում է թուրքական պետության շահերը», - ԱԺ-ում հայկական համայնքից իրեն փոխանցած հայտարարության տեքստը ներկայացրել է Զոհրաբյանը:

Կոստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին հունիսի 7-ին նամակ էր գրել Հայոց ցեղասպանությունը դատապարտող Բունդեսթագի բանաձևի առթիվ, որում նշել էր. «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանն ի պատասխան PanARMENIAN.Net հարցմանը մեկնաբանել է Աթեշյանի նամակը Թուրքիայի նախագահին: Նա հիշեցրել է, որ օրեր առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալական նամակ է ուղղել Բունդեսթագի նախագահին՝ փոխանցելով Գերմանիայի ժողովրդին Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի երախտագետ զգացումները։

«Սակայն այս դեպքում գործ ունենք Թուրքիայի և նրա վարած քաղաքականության հետ։ Բնավ չփորձելով արդարացնել որևէ մեկին՝ միևնույն ժամանակ նշեմ, որ չենք բացառում հարկադրանքի պարագան», - ընգծգել է Էջմիածնի մամլո դիվանի պատասխանատուն։

Կարդացեք նաև՝ Պոլսի պատրիարքի փոխանորդին ՀՀ-ում բողոքի ցույցով են դիմավորելու