16 հունիսի 2016 - 20:34 AMT
ԼՂՀ պատգամավոր Խանումյանի ծեծի գործով երրորդ ձերբակալված կա

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հերթական ձերբակալվածը կա:

Ինչպես հայտնում էն ԼՂՀ ոստիկանությունից, վարույթն իրականացնող մարմնի կողմից սույն թվականի հունիսի 16-ին ձերբակալվել է ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, աշխարհազորային՝ 1968թ. ծնված Էրիկ Ռադիոնի Պողոսյանը։

Նախաքննությունը շարունակվում է։

Հունիսի 6-ին ԼՂՀ պատգամավոր Հայկ Խանումյանն առևանգվել և ծեծի էր ենթարկվել: Մեկնաբանելով բռնության դրվագը, Խանումյանը ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր, մասնավորապես, հետևյալը. «Ինձ ծեծելուց, ջարդելուց հետո, թուղթ են թելադրել, որը ես գրել եմ և ստորագրել, ինչպես նաև վիդեո են սարքել, որտեղ պահանջել են նշել, որ երեկվա դեպքերը սխալ են եղել: Ուզում եմ ասել, որ թղթի ստորագրումը և վիդեոն եղել են տակտիկական քայլ` բեսպրեդելի ձեռքից ազատվելու համար, նամանավանդ, որ արդեն կոտրված էին կողերս, քիթս, այտոսկրս և այլն: Վիդեոն և թուղթը իրենցից ոչ մի ուժ չունեն, քանզի իմ կողմից դրանք արվել են ուժեղ ցավերի և սպառնալիքների տակ»:

Հունիսի 9-ին ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն էին մեղայականով ներկայացել մայրաքաղաքի բնակիչներ, աշխարհազորայիններ, 1977թ. ծնված Միքայել Միքայելի Սահակյանը և 1968թ. ծնված Սերգեյ Գեորգիի Ավանեսյանը, ովքեր ձերբակալվել էին: Ինչպես հայտնում են ԼՂՀ ոստիկանությունից, Մ.Սահակյանը և Ս.Ավանեսյանը ձերբակալված են։