Վաշինգտոնը ողջունում է շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումն ու համաձայնեցումը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:
«Մենք ողջունում ենք կողմերի միջև առաջընթացը, ինչպես նաև շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումն ու համաձայնեցումը: Բացի այդ, սատարում ենք ջանքերին, ուղղված համապարփակ խաղաղ համաձայնագրի ձեռք բերմանը»,-ասել է Սեկուտան լրագրողներին` պատասխանելով ՀՀ և Ադրբեջանի նախագահների Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպումից ԱՄՆ ակնկալիքների մասին հարցին:
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերն, այդ թվում, համանախագահ երկրներն առանձին առանձին, մեկ նպատակ են հետապնդում` նստեցնել հակամարտող կողմերին բանակցությունների սեղանի շուրջ և համաձայնեցնել համապարփակ խաղաղ պայմանագիրը»,-ասել է նա, հայտնում է Ինտերֆաքսը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կմասնակցի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպմանը:
Ընթերցեք նաև. ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը կմասնակցի ԼՂ գծով Պետերբուրգի հանդիպմանը