24 մարտի 2007 - 13:52 AMT
Պ. Սեմնեբին հուսով է, որ շուտով Ղարաբաղի հարցով բանակցությունները բարձրագույն մակարդակով կվերկսվեն
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին մի փոքր լարում է այն փաստը, որ Հայաստանում նախընտրական արշավի կապակցությամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններն այնքան էլ ակտիվ չեն ընթանում: Այդ մասին Պիտեր Սեմնեբին ասել է լրագրողներին Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ Երեւանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությունում ունեցած հանդիպումից հետո` մեկնաբանելով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերի հայտարարությունն այն մասին, որ 2007 թվականի ամռանը հնարավոր է խաղաղության համաձայնագրի կնքում: Միեւնույն ժամանակ, Սեմնեբին շատ հուսով է, որ բանակցությունները բարձրագույն մակարդակով կվերկսվեն, եւ Լենմարկերի հայտարարությունը կիրականանա: ԵՄ հատուկ ներկայացուցչի խոսքերով, կարեւոր է, որպեսզի տեղաշարժերը կարգավորման գործընթացում, որ նկատվում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մինսկյան հանդիպումից հետո, հիմք ծառայեին ավելի ակտիվ բանակցային գործընթացի համար:

Վերադառնալով Հայաստանում խորհրդարանական ընտրությունների թեմային` Սեմնեբին նշել է դրանց անցկացման կարեւորությունը, քանի որ սրանք առաջին ընտրություններն են Հայաստանում Նոր եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Գործողությունների ծրագրի ստորագրումից հետո: «Դա կլինի մեր հարաբերությունների որակի թեսթ, ինչպես նաեւ փոխադարձ պարտավորությունների նկատմամբ Հայաստանի հետագա վերաբերմունքի ստուգում»,- նշել է նա: «ԵՄ-ն ակտիվ մասնակցություն կունենա ընտրություններին հետեւելու գործընթացում»,- հայտնել է Պիտեր Սեմնեբին, հավելելով, որ Եվրոպայի երկրների դիտորդների մեծ թվաքանակը եւս ազդանշան է Հայաստանի համար, որ վկայում է եվրոպական կառույցների համար առաջիկա ընտրությունների կարեւորության մասին, հայտնում է Regnum-ը: