27 մարտի 2007 - 14:56 AMT
Ամենայն Հայոց կաթողիկոսը չի մասնակցի Աղթամարի եկեղեցու բացման արարողությանը
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը չի մասնակցի Աղթամարի եկեղեցու բացման արարողությանը: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունում, դա բացատրվում է նրանով, որ Թուրքիայի իշխանությունների կողմից վերանորոգված Սուրբ Խաչ եկեղեցին վերածվելու է թանգարանի եւ չի շարունակելու գործել որպես եկեղեցի Կոստանդնոպոլսի Հայոց Պատրիարքության հոգեւոր իշխանության ներքո: «Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությունը կատարվելու է զուտ աշխարհիկ արարողակարգով, այլ ոչ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական ծեսի համաձայն, ուստի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մասնակցություն չի բերելու արարողությանը»,-նշվում է Սբ.Էջմիածնի հայտարարության մեջ: Միեւնույն ժամանակ մամլո ծառայությունում ընդգծել են, որ թուրքիայի իշխանությունների կողմից հայ ժողովրդի քրիստոնեական բարեպաշտ զգացումների դեմ ուղղված այս գործողությունը չի կարող ընկալվել որպես դրական քայլ հայ եւ թուրք ժողովուրդների փոխմերձեցման ճանապարհին` առավել եւս ներկա դարի` ժողովուրդների գործակցության եւ կրոնների ու մշակույթների երկխոսության համընդհանուր ձգտումի համատեքստում:
Ամենայն Հայոց կաթողիկոսին հրավեր էր հղել Վանի նահանգապետ Մեհմետ Նիյազի Թանիլիրը ՀՀ ԱԳՆ-ի միջոցով:
Նշենք, որ այսօրվա դրությամբ Հայ Առաքելական Եկեղեցու Կոնստանդնոպոլսի Հայոց Պատրիարքության ներքո են գտնվում 44 գործող եկեղեցիներ, հիմնականում Ստամբուլում: 20-րդ դարի սկզբին, Ցեղասպանությունից 3 տարի առաջ, գործող եկեղեցիների թիվը գերազանցում էր 3 հազարը: Ներկայումս դրանք բոլորը ավիրված են կամ պայթեցված: