Թուրքիայի Կայսերի (պատմ. Կեսարիա) քաղաքի Ջաֆերբեյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ է մատուցվել: Պատարագին մասնակցել է Թուրքիայի Ստամբուլ, Յոզգաթ և Սիվաս (Սեբաստիա) քաղաքներից ժամանած ծագումով մոտ 50 հայ, որոնք Թուրքիայի քաղաքացիներ են:
Մասնակցել է նաև Պոլսո Հայոց պատրիարքարանի քահանա Զաքեոս Օհանյանը:
Նա շնորհակալությունն է հայտնել պատարագի մասնակիցներին և տեղական ինքնակառավարման մարմիններին` ընձեռած հնարավորության համար: Պատարագից հետո մասնակիցները հուշամատյանում իրենց ստորագրություններն են թողել, թուրքական Sondakika-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
Կեսարիայի (այժմ` Կայսերի) սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1191-ին: Այն մինչև այսօր կանգուն մնացած հազվագյուտ եկեղեցիներից է և Կեսարիայի ամենահին հայկական եկեղեցին: 19-րդ դարի կեսերին եկեղեցին փլվել է, 1885-ին՝ վերակառուցվել: Վերջին անգամ եկեղեցին վերանորոգվել է 1996-ին: