28 մարտի 2007 - 15:39 AMT
ՌԴ ԱԳՆ. Վրաստանի մասնակցությամբ հակամարտությունների ֆոնի վրա ղարաբաղյան հարցը նվազ սուր է երեւում
Վրաստանի մասնակցությամբ հակամարտությունների ֆոնի վրա ղարաբաղյան կարգավորման հարցը նվազ սուր է երեւում: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված Ռուսաստանի արտաքին քաղաքականության տեսության մեջ: Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է. «Ընդունված գիծը` Վաշինգտոնի եւ Փարիզի հետ համատեղ գործողությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մեխանիզմի շրջանակներում, որոնք նպաստում են Բաքվի եւ Երեւանի ուղիղ բանակցություններին, ամենաօպտիմալն է»: Նշվում է նաեւ, որ «Անդրկովկասի տարածաշրջանն առանցքային նշանակություն ունի Ռուսաստանի տարածքային ամբողջականության եւ ազգային անվտանգության ապահովման առումով: Իրավիճակը տարածաշրջանում լարված է մնում, իսկ Վրաստանի առումով` պայթյունավտանգ: Այստեղ գոյություն ունեցող «սառեցված հակամարտությունները» արտատարածաշրջանային ուժերի կողմից օգտագործվում են տարածաշրջանում իրենց ազդեցությունն ամրապնդելու նպատակով` ի վնաս մեր դիրքերի:
Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին, ապա փաստաթղթում ասվում է. «Հայաստանի հետ հարաբերությունները կրում են հաստատուն դաշնակցային բնույթ: Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում, Համագործակցության ինտեգրացիոն միջուկի մի մասը: Ձգտելու ենք թուլացնել Հայաստանի տրանսպորտային շրջափակումը, ավելացնել համագործակցությունը էներգետիկ ոլորտում, հասնել տարածաշրջանում երկու երկրների արտաքին քաղաքականության համադրման առավել բարձր աստիճանի, ամրապնդել հումանիտար համագործակցությունը»;
Ադրբեջանն, ըստ տեսության, «ռազմավարապես կարեւոր գործընկեր է կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարով: Մեր հարաբերություններում հաստատված հարգալից վերաբերմունքը, վստահության եւ իրավահավասարության մթնոլորտը արդարացրել են իրենց: Ադրբեջանի ղեկավարությունը ձգոտւմ է շարունակել Ռուսաստանի հետ մերձեցման գիծը»: