30 հունիսի 2016 - 00:16 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ԵԱՀԿ նախագահ. Ստատուս քվոյի պահպանումը մեծացնում է հակամարտության սրման հավանականությունը

Ղարաբաղյան հարցում ստատուս քվոյի երկարատև պահպանումն անհնար է, ստեղծված իրավիճակի շարունակական լինելու դեպքում ավելանում է հակամարտության սրման հավանականությունը:Այդ մասին է հայտարարել ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք պետք է ձգտենք խուսափել դրանից, և ԵԱՀԿ-ն աշխատում է այդ ուղղությամբ՝ փորձելով հակամարտության երկարատև լուծում գտնել»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահը, գրում է aysor.am-ը:

Նրա խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումները թույլ տվեցին «հանդարտեցնել իրավիճակը շփման գծում»:

«Մենք սկզբունքորեն ճիշտ ուղու վրա ենք ու պետք է գործադրենք բոլոր ջանքերն այս իրավիճակը պահպանելու և բանակցային գործընթացը նյութականացնելու համար: Անհրաժեշտ են ԵԱՀԿ ու միջնորդների ջանքերը, ինչպես նաև՝ փոխադարձ զիջումների գնալու հակամարտության կողմերի պատրաստակամությունը»,- նշել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

Հունիսի 23-ին Շտայնմայերը հանդիպում էր անցկացրել Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպման ընթացքում Շթայնմայերը ողջունել է հրադադարի ռեժիմի պահպանումը: Բերլինյան հանդիպման մասնակիցները համաձայնվեցին, որ շարունակական հրադադարը և քաղաքական գործընթացին վերադառնալն այլընտրանք չունի:

ՖՈՏՈՇԱՐՔ