Հունիսի 30-ին Ազգային ժողովում դրվել է քվերակության Ռուսաստանի հետ միավորված ՀՕՊ ուժեր ստեղծելու վերաբերյալ համաձայնագրի վավերացման հարցը: Ձայների 102 կողմ, 8 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ համաձայնագիրը վավերացվել է:
«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. դեկտեմբերի 23-ին:
Ինչպես խորհրդարանի նիստում ասել է փաստաթուղթը ներկայացնող ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը, համաձայնագրի նպատակն է կատարելագործել ՀՕՊ համակարգը Կովկասի տարածաշրջանում: Ըստ նրա, ՀՕՊ միավորված ուժերի գործողությունները համակարգելու է ՌԴ օդատիեզերական ուժերի հրամանատարությունը, իսկ ընդհանուր ղեկավարությունը` ՌԴ Հարավային զինվորական շրջանի ղեկավարությունը:
Հասարակության շրջանում մտահոգություններ կան կապված միասնական ՀՕՊ-ի ղեկավարման հետ:
«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամներն ավելի վաղ Ազգային ժողովի մուտքի մոտ պահանջում էին կանխել Ազգային ժողովի կողմից «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի վավերացումը:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ ՀՀ և ՌԴ միասնական ՀՕՊ համակարգի ստեղծումով Հայաստանը իր ՀՕՊ ուժերի հետ մեկտեղ տարածաշրջանային հակաօդային խնդիրներն իրականացնելու համար կօգտագործի նաև ՌԴ ՀՕՊ ներուժը: «Վերահաստատում եմ՝ և′ խաղաղ պայմաններում, և′ մարտական գործողությունների ժամանակ հայաստանյան հատվածի ՀՕՊ կիրառումը իրականացնելու է ՀՀ ՀՕՊ և ավիացիայի հրամանատարությունը: Հրամանի անհրաժեշտության դեպքում այն արձակելու է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն ու ՀՕՊ և Ավիացիայի վարչությունն՝ առանց վերապահումների», - շեշտել է Օհանյանը: