30 հունիսի 2016 - 21:19 AMT
Սարգսանն ու Քերին քննարկել են Վիենայում ու Պետերբուրգում կայացած ղարաբաղյան խնդրի շուրջ հանդիպումները

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, մասնավորապես՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»: