Իրանի գազի արտահանման ազգային ընկերության (NIGEC) ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի հետ համաձայնություն է ձեռք բերվել գազի առաքումների եռապատկման մասին, հայտնում է Mehr գործակալությունը: Պայմանավորվելով էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալների ավելացման մասին` Հայաստանն ու Իրանը համաձայնության են եկել նաև իրանական գազի մատակարարման եռապատկման մասին:
Հաշվարկները ցույց են տալիս, որ էլեկտրաէներգիայի և գազի փոխանակումը Հայաստանի և Իրանի միջև կաճի 3 անգամ:
NIGEC-ի ղեկավար Ալիռեզա Քամելին հայտարարել է, որ Իրանն այժմ օրական 1 մլն խմ գազ է առաքում Հայաստան` հավելելով, որ այդ ցուցանիշը կհասնի 3 մլն խմ:
«Այժմ կողմերը նախապատրաստում են ենթակառուցվածքները բնական գազի առաքման ավելացման համար: Համաձայնեցման գործընթացը շուտով կավարտվի»,-ասել է պաշտոնյան` հավելելով, որ այժմ ոչ մի սահմանափակում չկա դեպի ՀՀ գազի առաքման ավելացման համար:
2015-ի ամռանը կողմերը պայմանագիր են ստորագրել 400կՎտ հզորության երրորդ ԷՀԳ կառուցման վերաբերյալ: ԷՀԳ-ն կունենա 275 կմ երկարություն, իրանական կողմը կիրականացնի սարքավորումների գնման, շինմոնտաժային և գործարկման աշխատանքները:
Նոր ԷՀԳ-ի կառուցմամբ էլեկտրաէներգիայի փոխանակումը Իրանի և ՀՀ միջև 300-ից կհասնի 1000 ՄՎտ: