4 ապրիլի 2007 - 15:24 AMT
Ուրիշների հաշվին մեկի համար բացարձակ անվտանգություն ապահովելու փորձերը պատրանք են
«Ռուսաստանն առաջարկում է սկսել համատեղ գնահատել Եվրոպային, մեզ կամ Համագործակցության մեր հարեւաններին հնարավոր հրթիռամիջուկային սպառնալիքները»,-Երեւանի պետական համալսարանում կայացած դասախոսության ժամանակ հայտարարել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքերով, Ռուսաստանը հուսով է, որ կվերսկսվի ՀՀՊ շուրջ երկխոսությունը ՆԱՏՕ-ի հետ:

«Կենտրոնական Ասիայում եւ Արեւելյան Եվրոպայում ԱՄՆ ՀՀՊ տարրերի տեղակայման մասին միակողմանի որոշումը մենք դիտարկում ենք որպես ռիսկ Ռուսաստանի եւ ընդհանուր առմամբ Եվրոպայի համար: Երբ փաստարկների բացակայության դեպքում մեզ ասում են սպառազինության մրցավազքի արդյունքում առաջացող տեխնոլոգիական առաջընթացի հնարավորության մասին, մեր պատասխանը մեկն է` դա կարելի է անել չխարխլելով ռազմավարական կայունությունը եւ անվտանգության պակաս չառաջացնելով մյուս բոլոր պետությունների մոտ»,-ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Նա նաեւ նշել է, որ ուրիշների հաշվին մեկի համար բացարձակ անվտանգություն ապահովելու փորձերը պատրանք են: ՌԴ ԱԳՆ ղեկավարը նկատել է, որ «Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների միջեւ ձեռք բերված ըմբռնումը թույլ կտա վերականգնել կոլեկտիվ քննարկումները եւ ՀՀՊ ոլորտում ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունը»: