11 հուլիսի 2016 - 12:28 AMT
Իրանը հաստատել է ՀՀ հետ առանց վիզայի ռեժիմը

Իրանի նախարարների կաբինետի նիստը հուլիսի 10-ին հավանություն է տվել ՀՀ և Իրանի միջև մուտքի արտոնագրերի ռեժիմի չեղարկման մասին համաձայնագրին: Նիստը գլխավորել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, հայտնում է Mehr գործակալությունը:

Նախարարների կաբինետը համապատասխան որոշում է կայացրել չեղարկել մուտքի արտոնագրերի ռեժիմը ՀՀ դիվանագիտական և սովորական անձնագրեր ունեցողների համար:

Հունիսի 16-ին Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը համաձայնագիր են կնքել երկու երկրների միջև մուտքի արտոնագրերի չեղարկման վերաբերյալ, որը ստացել է ՀՀ կառավարության հավանությունը:

Համաձայնագիրն ուղղված է երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը, փոխշահավետ տնտեսական, առևտրային և այլ կապերի խորացմանն ու երկու երկրների քաղաքացիների փոխայցելությունների կարգավորմանը: Ըստ փաստաթղթի, ՀՀ և Իրանի քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի փոխադարձաբար գտնվել հարևան երկրում 90-180 օր:

Ընթերցեք նաև. Ուր այցելի հայաստանցին Իրանում