13 հուլիսի 2016 - 09:14 AMT
Իրանը Հայաստանին ավելի շատ գազ կմատակարարի

ՀՀ վարչապետը դիմել է Իրանին ներմուծվող գազի ծավալներն ավելացնելու հարցով, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել երկու բարեկամ պետությունների միջև հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում: Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հեռախոսազրույցի ընթացքում Հովիկ Աբրահամյանը դիմել է Էսհաղ Ջահանգիրիին՝ Իրանից Հայաստան ներմուծվող գազի ծավալներն ավելացնելու հարցով, քանի որ Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական աշխատանքների իրականացման նպատակով հուլիսի 10-ից օգոստոսի 10-ը Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է: Իրանական կողմը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին:

Հովիկ Աբրահամյանը և Էսհաղ Ջահանգիրին անդրադարձ են կատարել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

2016-ի հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 10-ը Վրաստանի տարածքով Հայաստան բնական գազի մատակարարումը ՌԴ-ից ժամանակավորապես դադարեցվել է: «Ղազախ-Սագուրամո» տարանցիկ գազատարի վրա հիմնանորոգման աշխատանքներ են սկսվել: Մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական, գծային փականների փոխարինման, ինչպես նաև սողանքի շրջանում գազատարի նոր կառուցված հատվածի ներմիացման աշխատանքներ կիրականացվեն: Վերականգնողական աշխատանքների շրջանակում վերանորոգվելու է նաև Բաքու-Թբիլիսի երկաթուղային անցումի տակի հատվածը:

Վերանորոգման ընթացքում ռուսական գազի առաքումը Հայաստան դադարեցվել է: Դա համաձայնեցված է ինչպես ՀՀ, այնպես էլ ՌԴ հետ: