13 հուլիսի 2016 - 13:11 AMT
Ավետիսյանների գործով ընդդեմ ՌԴ-ի գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժող Արաքսյա Պողոսյանի իրավահաջորդներ Անդրանիկ և Նարինե Պողոսյանների կողմից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ Ռուսաստանի Դաշնության դեմ գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք) և 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածներով նախատեսված իրավունքների խախտման հիմքով: Գանգատը հիմնավորվել է նրանով, որ ՄԻԵԿ 2-րդ հոդվածի իմաստով թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, հայտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Գանգատում նշվում է, որ պետությունը չի կատարել Արաքսյա Պողոսյանի և նրա ընտանիքի անդամների կյանքի նկատմամբ ակնհայտ վտանգը կանխարգելելու իր պարտավորությունը՝ հստակ իմանալով, որ Վալերի Պերմյակովը ենթակա չէ զորակոչման, առավել ևս՝ իրավունք չունի զենքով ծառայություն իրականացնելու:

Տուժող կողմի իրավահաջորդի շահերը պաշտպանող փաստաբան Լուսինե Սահակյանը 2015-ի դեկտեմբերին հայտարարել է, որ Պերմյակովն ունի լուրջ հոգեկան խնդիրներ:

«Երբ նա զորակոչվել է, 8 անգամ հոգեբուժական տարբեր բաժանմունքներում է եղել՝ դա հաստատված փաստ է, նա 8 անգամ փախուստի է դիմել՝ մինչ Հայաստան տեղափոխվելը, գտնվել է հոգեբույժների հսկողության տակ, նրան արգելվել է զենք կրել», - մանրամասնել է փաստաբանը:

Ըստ հայկական կողմի փորձաքննության՝ հոգեբուժական և հոգեկան վիճակի մասին եզրակացությամբ հաստատվել է՝ Վալերի Պերմյակովն ունի հոգեկան լուրջ խնդիրներ, սակայն նա մեղսունակ է, այսինքն՝ ենթակա է պատասխանատվության:

Բացի այդ, ռուսական կողմը պատշաճ կարգով և ժամանակին չի տեղեկացրել հայ իրավապահներին Վալերի Պերմյակովի՝ զորամասը լքելու մասին, ինչը կարող էր կանխել ողբերգությունը:

Ինչ վերաբերում է դատավարական իրավունքի խախտմանը, ապա ռուսական կողմի իրականացրած քննությունը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փոխանցմամբ, հասանելի չի եղել տուժողի իրավահաջորդներին, ինչի արդյունքում վերջիններս զրկվել են գործի շրջանակներում իրենց իրավունքներն իրացնելու հնարավորությունից, մասնավորապես՝ միջնորդություններ ներկայացնելու, նախաքննական մարմնի որոշումները բողոքարկելու և այլ հնարավորություններից:

Ինչպես նաև՝ Վ. Պերմյակովի կողմից զորամասը ինքնակամ լքելու մասին ՀՀ իրավապահ մամիններին մոտ երեք ժամ ուշ տեղեկացնելու մասով որևէ պաշտոնատար անձ պատասխանատվության չի ենթարկվել:

ՄԻԵԿ 13-րդ հոդվածի իմաստով տուժողի իրավահաջորդների իրավունքների վերականգնման ուղղությամբ ներպետական մեխանիզմներ չկան, քանի որ ռուսական կողմի իրականացրած քննության նյութերին տուժող կողմը հնարավորություն է ունեցել ծանոթանալու վերջնական որոշման կայացման պահից մոտ երեք ամիս անց միայն, երբ արդեն ՌԴ Քննչական կոմիտեում ավարտվել էին Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով բոլոր վարույթները, և Վ. Պերմյակովը դատապարտվել էր տասը տարվա ազատազրկման:

Շիրակի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 30-ի նիստում մերժել է Ռուսաստանի Դաշնության դեմ Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով ներկայացված քաղաքացիական հայցը:

Ըստ նախորդ նիստում ներկայացված միջնորդության՝ Գյումրիում տեղի ունեցածի հետևանքով սպանվել է 7 մարդ, այդ թվում՝ 2 երեխա: Հասցվել է ոչ նյութական վնաս, խախտվել է ՄԱԿ կոնվենցիայով սահմանված կյանքի իրավունքը: Ռուսաստանը, լինելով այդ կոնվենցիայի անդամ, հանդիսանում է պատասխանող կողմ և պատասխանատվություն է կրում Գյումրիի ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչների գործողությունների համար: