
Հայաստանն ընդգրկվել է հանգստի համար առանց վիզայի լավագույն երկրների ցանկում Life-ի վարկածով: Առանց վիզայի երկրները ռուսաստանցիների համար մոտ 70-ն են` դրանց թվում են և էկզոտիկ Վանուատուն և Նիիուեն Օվկիանիայում, և բոլորի կողմից սիրված Վիետնամն ու Թաիլանդը: Յուրաքանչյուրը կարող է իր ճաշակով որևէ բան գտնել` լողալ և արևահարվել Չերնոգորիայում, հետազոտել Մակեդոնիայի տեսարժան վայրերը կամ նրբաճաշակ ուտեստներ վայելել Հայաստանում, գրում է պարբերականը:
Ամեն տարի վերոնշյալ երկրներ են այցելում միլիոնավոր ռուսաստանցիներ: Այդ երկրներն ընդգրկվել են ճամփորդությունների համար նախընտրելի թոփ-15-ում:
«Եղել եմ Երևանում, այցելել եմ Ջերմուկ, Սևան, Էջմիածին, Ստեփանակերտ և Շուշի: Ամռանը մտադիր եմ մեկ անգամ ևս մեկնել ու մյուս քաղաքներն այցելել, լեռները մագլցել ու լողալ Սևանում ում գետերում: Ինչ ասեմ…Դա դրախտավայր է: Բնությունը, ճարտարապետությունը, հնագույն պատմությունը, խոհանոցը, իսկ ամենակարևորը մարդիկ` բարեհամբույր, կարեկից ու գեղեցիկ: Իմ սիրտը պատկանում է այդ երկրին»,-ասվում է հոդվածում:
Life-ը հորդորում է զբոսաշրջիկներին Հայաստանում այցելել Տաթևի վանական համալիր, նստել ամենաերկար հետադարձ ճոպանուղին, հայկական խորոված համտեսել, հիանալ բիբլիական Արարատով և տեսնել Երևանի երգող շատրվանները, ինչպես նաև տեսնել, թե ինչպես են պատրաստում հայկական կոնյակը:
Զբոսաշրջիկների համար ներկայցված են ավիատոմսերի և տրանսպորտի տոմսերի գները, ինչպես նաև նշվում է, որ ամառը ներկայացվում է որպես երկիր այցելելու լավագույն ժամանակ:
Նախընտրելի երկրների թվում են նաև Ղազախստանը, Մարոկկոն, Վրաստանը, Մակեդոնիան, Մոնղոլիան, Սերբիան, Չերնոգորիան և Իրանը:
Ավելի վաղ National Geographic ամսագրի առցանց տարբերակը զբոսաշրջիկներին առաջարկել էր ուսումնասիրել ճանապարհորդության համար նախընտրելի երկրների ցանկը։ Առավել հետաքրքիր երկրների ցանկում է հայտնվել նաև Հայաստանը»: Լրագրող Տարա Իզաբելա Բարտոնի կազմած երկրների ցանկում Հայաստանն առաջին տեղում է: «Քչերը գիտեն, որ Հայաստանը 301 թվականին քրիստոնեությունը պետական կրոն ընդունած առաջին երկիրն է աշխարհում։ Հին Հայաստանի եկեղեցիները տեղակայված են երկրի ողջ տարածքում, թաքնված են կանաչ ձորերում ու տեղակայված են լեռների լանջերին։ Դրանք աշխարհում ամենալավ պահպանված հին վանքերից են համարվում», -նշում է հոդվածագիրը։