
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս ունի ԼՂ կարգավորման շուրջ խաղաղ գործընթացը տապալել հայ հասարակության միջոցով: Այս կարծիքն է հայտնել ՀՀԿ քաղաքական խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով, վերջին օրերին մի բան է նկատել Արցախի հարցով հայ-ադրբեջանական քարոզչական դաշտում. «Եթե նախկինում մենք ասում էինք, թե ադրբեջանական հայտարարությունները ներքին սպառման համար էին, ապա այսօր մեր հակառակորդները ապակողմնորոշիչ հայտարարություններով նաև փորձում են սրել իրավիճակը Հայաստանում: Կարծեք թե առաջին հայացքից որոշակի հաջողության են հասնում ադրբեջանցիները»:
Ըստ Աշոտյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հույսն այն է, որ խաղաղ գործընթացը տապալի հայ հասարակության միջոցով:
Միաժամանակ նա ասել է. «Չկա այնպիսի մի փաստաթուղթ, որը հերքում կամ հարցականի տակ է դնում Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտման իրավունքը»:
Աշոտյանի խոսքով, Հայաստանի բոլոր ղեկավարներն էլ գնացել են բանակցությունների ճանապարհով, իսկ բանակցությունները ենթադրում են, որ ինչ-որ բան պետք է զիջես՝ չանցնելով, իհարկե, «կարմիր գիծը», մեջբերում է «Ազատություն» ռոդիոկայանը:
«Հայաստանի իշխանությունները, գործող իշխանությունները հատկապես, ղարաբաղյան հարցում չեն կարող և չեն գնալու այնպիսի զիջումների, որոնք հարցականի տակ կդնեն ԼՂՀ պետության գոյությունը: Չկա այնպիսի փաստաթուղթ, որը հերքում է կամ հարցականի տակ է դնում ԼՂՀ ժողովրդի կամարտահայտման իրավունքը, պլբեսցիտը, ռեֆերենդումը, ինչպես ուզում եք կոչեք, և ԼՂՀ ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու հնարավորությունը: Մադրիդյան հայտնի երեք սկզբունքների մեջ ինքնորոշման իրավունքի ճանաչումն է դրված, որը Հայաստանի համար այն սրբության սրբոցն է, որը, բնականաբար, պայմանավորելու է հայկական կողմի բանակցային դիրքերը»,- ընդգծել է Աշոտյանը:
Հուլիսի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության միակ հնարավոր լուծումը փուլային կարգավորումն է: Ադրբեջանը փորձ է անում յուրովի մեկնաբանել ձեռքբերված պայմանավորվածությունները: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովն իր հերթին ասել էր, թե եռակողմ հանդիպման ժամանակ ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման շուրջ է համաձայնություն ձեռք բերվել: «Նախ ազատում են 5 շրջանը, ապա՝ ևս 2 շրջանը, և հստակեցվում է միջանցքը: Ապա հստակեցվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Կողմերը համաձայնության են հասել այդ ուղղությամբ»,- ասել է նա:
Հայկական կողմն այդ տեղեկատվությունը հերքել է: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե հայտարարությունը ադրբեջանական կողմի փորձն է սեփական ձևով մեկնաբանել ձեռքբերված պայմանավորվածությունները: Նա դա անվանել է հանդիպման արդյունքները մեկնաբանելու «բավական անբարեխիղճ» փորձեր։