Հուլիսի լույս 15-ի գիշերը ահաբեկչություն է տեղի ունեցել ֆրանսիական Նիսում` բեռնատարը մխրճվել է Բաստիլի գրավման օրը նշող մարդկանց ամբոխի մեջ, որոնք դիտում էին տոնական հրավառությունը: Մեքենայից նաև կիրակ են բացել մարդկանց ուղղությամբ:
Վերջին տվյալներով 84 մարդ է զոհվել, այդ թվում երեխաներ: Զոհվածների թվում շատ են օտարերկրացիները: Մոտ 100 վիրավոր կա:
Մինչ արգելակելը բեռնատարը մոտ 2 կմ է անցել` վրաերթի ենթարկելով մարդկանց:
Ոստիկանները գնդակահարել են ահաբեկչին: ԶԼՄ-ները պարզել են, որ ղեկին տեղի բնակիչ է եղել` 31-ամյա թունիսցի: Մեքենայում մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել:
«Սկիզբից կարծեցինք, որ վարորդը վատ է զգացել, սակայն շատ շուտով պարզ դարձավ, որ դա բացառվում է: Նա ուզում էր որքան հնարավոր է շատ մարդ սպանել»,-ասել է ականատեսներից մեկը:
Օլանդն երկրում ամսի 26-ին ավարտվող արտակարգ դրության իրավիճակը երկարացրել է ևս 3 ամսով...
Հարձակման պատասխանատվությունը չի ստանձնել ահաբեկչական ոչ մի կազմակերպություն: Սակայն, ըստ փորձագետների, ահաբեկչությանը կարող է մեղսակից լինել «Իսլամական պետությունը»:
Դիմելով ֆրանսիացիներին`նախագահ Օլանդն ասել է. «Սա հարձակում է, որի ահաբեկչական բնույթը չի կարող ժխտվել»,-ասել է նա: Օլանդը նաև շեշտել է, որ ստեղծված պայմաններում ամբողջ երկիրը պետք է զգոն լինի:
ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Նիսում իրականացված հարձակումը: «Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին»,-ասվում է հայտարարության մեջ:
Ֆրանսիան դեռ ուշքի չէր եկել նախորդ խոշոր ահաբեկչությունից, որի պատճառը երկրում արտակարգ դրություն էր հայտարարված: 2015-ի նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում իրականացվեց Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվեց 132 մարդ։