15 հուլիսի 2016 - 14:24 AMT
Հուլիսի 16-ին Կարապի լճի հարակից տարածքում կանցկացվի Ձմերուկի 4-րդ փառատոնը

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հուլիսի 16-ին ժամը 18:00-ից Կարապի լճում կմեկնարկի ամենամյա դարձած Ձմերուկի արդեն 4-րդ փառատոնը:

Ձմերուկի սիրահարներից բացի, միջոցառումը համախմբելու է քարվինգի մասնագետներին. փառատոնին մասնակից ընկերությունները կառաջարկեն ձմերուկի մատուցման ու ձևավորման յուրօրինակ տարբերակներ, որոնցից լավագույնների հեղինակները կպարգևատրվեն:

Փառատոնը կուղեկցվի հայտնի ու սիրված երգիչ-երգչուհիների մասնակցությամբ համերգային ծրագրով: Մեր համաքաղաքացիներին ու մայրաքաղաքի հյուրերի համար կկազմակերպվի նաև ձմերուկի հյուրասիրություն՝շոու բիզնեսի ներկայացուցիչների կողմից:

Միջոցառման ընթացքում կանցկացվեն նաև խաղ-մրցութներ: Հաղթողները Երևանի քաղաքապետարանի և գործընկեր կազմակերպությունների կողմից կպարգևատրվեն: Կամփոփվեն նաև նախապես հայտարարված լուսանկարների մրցույթի արդյունքները: Ի դեպ, ամենամեծ ձմերուկով փառատոնին ներկայացած մասնակիցը ևս կարժանանա հատուկ մրցանակի, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Փառատոնի շրջանակում սպասվում են նաև հաճելի այլ անակնկալներ: