Ամերիկացի օրենսդիրները և իրավապաշտպան խմբերը հուլիսի 14-ին հորդորել են աշխարհի բռնատիրական իշխանություններին, այդ թվում Ադրբեջանի, հրաժարվել այլախոհների հանդեպ անհանդուրժողականությունից և դադարեցնել ճնշումը քաղաքացիական հասարակության և մամուլի վրա:
«Ոչ մի երկիր չի կարող կայունության հասնել` խախտելով խոսքի ազատությունը»,-ասել է կոնգրեսական, մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահ Ջիմ Մաքգովերնը` բացելով ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված լսումները:
Բռնատիրական երկրների շարքում կոնգրեսականը մատնանշել է նաև Ադրբեջանը: Նա հիշեցրել է, որ այդ երկրի իշխանությունները միջազգային ճնշման արդյունքում վերջերս ազատ արձակեցին բանտից հայտնի լրագրող Խադիջա Իսմայլովային: «Սակայն միաժամանակ բանտ նետվեցին այլ ակտիվիստներ, լրագրողներ»,-ասել է նա:
Կոնգրեսականը հավելել է նաև, որ հարևան Թուրքիայում իշխանությունները սեփական խմբագրակազմն են պարտադրել հայտնի լրատվամիջոցին, հայտնում է «Թուրանը»:
Ըստ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, Ադրբեջանը առաջատար է հարևան երկրների շարքում լրագրողների հետապնդման և խոսքի ազատության սահմանափակումներով: Նրանք նաև մտահոգություն են հայտնել, որ լրագրողների հանդեպ բռնություն գործադրողները հաճախ անպատիժ են մնում:
Ավելի վաղ Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել էր, որ ազատ արձակելով 24 քաղաքական ու կրոնական ակտիվիստի, Ադրբեջանի իշխանությունները, կարծես, ձգտում են «ազատված բանտախցերը լցնել ազատության նոր պաշտպաններով»:
Մայիսի 9-ի ուշ երեկոյան` Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան օրվա` մայիսի 10-ի նախօրեին, Բաքվի Կենտրոնական բանկի դիմաց գտնվող զբոսայգում Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանին գրաֆիտի է հայտնվել:
Հուշարձանի վրա ադրբեջաներեն գրություն է հայտնվել. «Qul bayramınız mübarək!»:: Անհայտ հեղինակն օգտագործել է «Ծաղիկների տոնը շնորհավոր» արտահայտությունը`փոխարինելով առաջին բառի 2 տառը, որի արդյունքում այն միանգամայն այլ իմաստ է ստացել` «Ստրուկների տոնը շնորհավոր»: Հեգնանքով այդպես են տոնն անվանում այլախոհներն ու ընդդիմությունը:
Ադրբեջանն անազատ երկրիր է համարվում անազատ մամուլով: