16 հուլիսի 2016 - 16:56 AMT
Հայանիստի ցուցարարները ցրվել են. Փոխնախարարը խոստացել է լուծել խնդիրը

ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարարը զանգահարել է Հայանիստ համայնքի ղեկավարին և խոստացել է դեպի Երևան սպասարկող տրանսպորտի խնդիրը լուծել հուլիսի 18-ին:

Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչները հուլիսի 16-ի առավոտյան` ժամը 11:00-ին Գետաշեն թաղամասում բողոքի ակցիա են անցկացրել:

Քաղաքացիները պահանջել էին լուծել իրենց համայնքի` դեպի Երևան սպասարկող տրանսպորտի խնդիրը:

Նրանք ժամը 11:00-ին Գետաշեն թաղամասից երթով շարժվել են դեպի հարևան Խաչփառ գյուղ, որտեղ գտնվում է 35 համարի երթուղային ավտոբուսի վերջին կանգառը` պահանջելով երթուղին հասցնել մինչև Գետաշեն թաղամաս: Ինչպես ակցիայի կազմակերպիչ Աննա Հարությունյանն է նշել, Հայանիստ գյուղի Գետաշեն թաղամասում դեպի Երևան ոչ մի տրանսպորտային միջոց չի գործում. «Մարդիկ ամեն օր ստիպված են ոտքով 2 կմ քայլել, որպեսզի տրանսպորտ նստեն: Մենք 35 համարի երթուղու տնօրինությունից պահանջում ենք սպասարկել նաև Գետաշեն թաղամասը»:

Բողոքողները նաև հայտնել էին, որ գծատերը սադրանքներ է հրահրում` սպառնալով ակցիայի մասնակիցներին:

Փոխնախարարի խոսումից հետո, ակցիայի մասնակիցները ցրվել են՝ ասելով, որ հուլիսի 18-ին՝ ժամը 10:00-ին կրկին կհավաքվեն, եթե խնդրին լուծում չտրվի: