9 ապրիլի 2007 - 13:55 AMT
Հայաստանի ԱԳՆ պատվիրակությունը կմասնակցի ՍԾՏՀ ԱԳՆԽ 16-րդ նիստին
Հայաստանի ԱԳՆ պատվիրակությունը կմասնակցի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ՍՏՀԿ ԱԳՆԽ) 16-րդ նիստին, որը կկայանա ապրիլի 19-ին Բելգրադում: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, ներկայումս խորհրդակցություններ են ընթանում այն մասին, թե ով կգլխավորի պատվիրակությունը: «Դա կարող է լինել ՀՀ արտագործնախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանը կամ փոխնախարարը»,-ասել են ԱԳՆ մամլո կենտրոնում:

Նիստի օրակարգում ընդգրկվել է մի քանի հարց, մասնավորապես, կքննարկվի ՍԾՏՀ շրջանակներում համագործակցության ներկայիս փուլը, կամփոփվեն ՍԾՏՀ-ում Սերբիայի նախագահության արդյունքները: Բելգրադում կայանալիք նիստի ընթացքում ՍԾՏՀ նախագահությունը մայիսի վերջից մինչեւ 2007 թ. հոկտեմբեր կանցնի Թուրքիային:

Նիստին կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Ալբանիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Վրաստանի, Մոլդավիայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Թուրքիայի, Ուկրաինայի, Սերբիայի պատվիրակությունները: