18 հուլիսի 2016 - 15:49 AMT
Էրեբունու ՊՊԾ գրավված գնդից ևս 1 պատանդ է ազատ արձակվել. Գնդում գտնվողները սնունդ ու դեղորայք են ստացել

ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված համալիր գործողությունների, այդ թվում՝ բանակցությունների արդյունքում բռնազավթված տարածքից՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդից, դուրս է բերվել ևս մեկ պատանդ, տեղեկացնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը: Հուլիսի 18-ի ընթացքում գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվել են սնունդով, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայքով:

Այդուհանդերձ, նման հուսադրող դրվագները դեռ չեն երաշխավորում ցանկալի վերջնարդյունքն ու չեն բացառում հնարավոր ողբերգական հետևանքները, որոնց համար պատասխանատվությունը կրելու են բացառապես այս հարձակման նախաձեռնողները: ԱԱԾ-ն հայտարարում է՝ «ահաբեկիչները պետք է գիտակցեն, որ չունեն այլընտրանք, քան ժամ առաջ անվերապահորեն կատարել իշխանությունների բոլոր պահանջները»: ՀՀ իրավապահները դեռ հույս ունեն, որ զինված խմբի անդամները որոշումներ կայացնելիս կառաջնորդվեն միայն ողջախոհությամբ: