10 ապրիլի 2007 - 18:21 AMT
Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է Բաքու-Թբիլիսի-Կարս ե/ու կառուցման համաձայնագիրը
Երեքշաբթի օրը Ադրբեջանի խորհրդարանի նիստի ժամանակ պատգամավորները վավերացրել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման համաձայնագիրը: Միլի Մեջլիսի անդամները հաստատել են նաեւ «Տարածաշրջանային համագործակցության մասին» թբիլիսյան հուշագիրը` կնքված Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ:

Փաստաթղթերը պատգմավորներին ներկայացրած փոխ-խոսնակ Վալեխ Ալեսկերովը նշել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս-ը «տարածաշրջանի երկրների համար նույնքան կարեւոր է, որքան Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, կամ էլ Բաքու-Թբիլիսի-Էրզրում նավթատարը»: Նա ընդգծել է, որ «երկաթուղու կառուցումը ծառայում է տարածաշրջանի ենթակառուցվածքների զարգացմանը»:

«Եթե 10 տարի առաջ ինչ-որ պետության խորհրդարան դեմ լիներ մեր կողմից իրականացվող նախագծին, մեզ համար սարսափելի կլիներ: Սակայն մեր երկրի զարգացումը նախագիծը իրականացնելու հնարավորություն է տալիս, չնայած դրա նկատմամբ այլ երկրների վերաբերմունքին»,- ասել է Վ. Ալեսկերովը, հայտնում է Day.az-ը: