12 ապրիլի 2007 - 15:06 AMT
Վրաց քաղաքագետ. Կոսովոյի տարբերակը կիրառելի է Ղարաբաղի հարցում
Վրաստանի հակամարտությունները շատ քիչ հնարավորություններ են թողնում անջատողականության համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ, Վրաստանի Հանրապետական կուսակցության անդամ Պաատա Զաքարեիշվիլին: Նրա խոսքերով, Կոսովոյի եւ Աբխազիայի միջեւ ինչ-որ ընդհանուր բան կա, սակայն տարբերություններն ավելի շատ են: «Ճիշտ է, եթե Պրիշտինան ցանկանա անկախություն հռչակել, նա կհռչակի, ոչ ոքի չհարցնելով: Նույնը վերաբերում է գոտու բոլոր հակամարտություններին: Սակայն եթե համեմատենք Կոսովոյի հակամարտությունը եւ ԱՊՀ «սառեցված հակամարտությունները», ապա տեսեք, թե ինչ է ստացվում: Կոսովոյում 2 միլիոն ալբանացիներ են եւ շատ քիչ են սերբերը, իսկ Աբխազիայում բնիկ բնակչության քանակը երկու անգամ ավելի քիչ է, քան 2 հիմնական ազգությունները` հայերն ու վրացիները»,-նշել է Զաքարեիշվիլին: Նա նաեւ ընդգծել է, որ կա եւս մեկ կարեւոր գործոն` Կոսովոյին սատարում է Ալբանիան, Լեռնային Ղարաբաղին` Հայաստանը, Աբխազիայի մեջքին ոչ ոք չկա: «Ռուսաստանը հաշիվ չէ, քանի որ նա այնտեղ իր շահերն ունի: Կոսովոյի տարբերակը կարող է կիրառվել Լեռնային Ղարաբաղի հանդեպ, սակայն դա շատ երկարատեւ գործընթաց է` բոլոր հակամարտությունների կարգավորումը: Ինչ վերաբերում է Հարավային Օսեթիային, այստեղ ամեն ինչ ավելի բարդ է` կա Հյուսիսային Օսեթիա, որը ռուսամետ է տրամադրված: Թբիլիսին Վլադիկավկազի հետ նորմալ հարաբերություններում է, Հյուսիսային Օսեթիայով են անցնում Հարավային Կովկասը Ռուսաստանին կապող երկու ճանապարհները` Ռոքի լեռնանցքը եւ Վերին Լարսը»,-ասել է վրաց քաղաքագետը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ