«Չորս ու կես տարվա ընթացքում, այսինքն 2003 թվականի հունվարից Վրաստանում շատ բան է փոխվել, ես նույնիսկ կասեի, որ երկիրն անընդհատ է փոխվում: Սակայն ժողովուրդն արդեն սկսել է մտածել, իսկ արդյոք միշտ լավ են մշտական փոփոխությունները, չէ որ միշտ չէ, որ ամեն ինչ դեպի լավն է գնում»,-այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ, Վրաստանի Հանրապետական կուսակցության անդամ Պաատա Զաքարեիշվիլին: Նրա խոսքերով, 4 տարվա ընթացքում շատ չմտածված քայլեր են կատարվել: «Սակայն մենք այնուամենայնիվ առաջ ենք շարժվում: Ճիշտ է նաեւ այն, որ Միխաիլ Սահակաշվիլին այնքան անկանխատեսելի է, որ մենք երբեմն չգիտենք, թե նա ինչ կանի վաղը: Սակայն մեկ բան ես կարող եմ հաստատ ասել` Վրաստանն երբեք դեմ չի գնա Հայաստանին, ինչպես նաեւ տարածաշրջանին մյուս երկրներին: Տնտեսապես մենք մասնակցում ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ համատեղ նախագծերին, սակայն մշակույթով եւ կրոնով մենք կապված ենք Հայաստանի հետ: Վրաստանն երբեք դաշինքի մեջ չի լինի մահմեդական երկրների հետ քրիստոնեական երկրի դեմ: Մի մոռացեք, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան եւ Կարս-Բաքու նախագծերը ամերիկյան նախագծեր են եւ Վրաստանը պետք է մասնակցի դրանց, քանի որ դա է պահանջում երկրի նախագահի հռչակած արտաքին քաղաքականությունը»,-ընդգծել է վրաց քաղաքագետը:
Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ