
ԱՄՆ դեսպանատունը Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում կոչ է արել իր քաղաքացիներին անվտանգության նկատառումներով խուսափել ընթացող ցույցերի մերձակայքում հատնվելուց:
«Թեկուզև ցույցերը պլանավորվում են որպես խաղաղ ակցիաներ, նրանք կարող են վերաճել բախումների կամ բռնության», - նշվում է հաղորդագրությունում:
Դեսպանատունը նաև գնահատական է տվել ընթացող ցույցերի մասնակիցների քանակին: «Վերջին ցույցերին մասնակցել է ավելի քան 3000 մարդ», - նշվում է հաղորդագրությունում:
Ըստ դեսպանատան, ցույցեր կարող են տեղի ունենալ Ազատության և Հանրապետության հրապարակներում, Ամիրյան և Խորենացի փողոցներում, Մաշտոցի և Հյուսիսային պողոտաներում:
Հուլիսի 17-ից Խորենացի փողոցում ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» աջակիցների ցույցեր են ընթանում: Հուլիսի 26-ին և 27-ին ցուցարարները երթեր են անցկացրել քաղաքի կենտրոնով: Ոստիկանությունը պահանջել է դադարեցնել Խորենացի փողոցում հավաքները: