13 ապրիլի 2007 - 16:18 AMT
Ապրլի 14-ին Հայաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնելու է Եգիպտոս
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 14-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Եգիպտոս, հայտնում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Վարդան Օսկանյանը, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Այցի շրջանակներում նախատեսված են Ռոբերտ Քոչարյանի հանդիպումները Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի, վարչապետ Ահմադ Նազիֆի, խորհրդարանի նախագահ Ֆաթհի Սուրուրի, ինչպես նաեւ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսայի եւ Լիգայի անդամ պետությունների դեսպանների հետ:
Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանը կայցելի նաեւ Եգիպտոսում Հայաստանի դեսպանատուն, ծաղկեպսակ կդնի անհայտ զինվորի հիշատակին նվիրված հուշարձանին եւ Եգիպտոսի նախկին նախագահ Անվար Սադաթի շիրիմին:
Կահիրեից հայկական պատվիրակությունը մեկնելու է Լուքսոր, որտեղ կայանալու է Ռոբերտ Քոչարյանի եւ Լուքսորի նահանգապետ Սամիր Ֆարագի հանդիպումը:
Հայաստանի նախագահի` Եգիպտոս կատարելիք այցի ընթացքում կստորագրվեն երկկողմ համագործակցության մեկ տասնյակ համաձայնագրեր: Ապրիլի 16-ին նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան: