
ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման և դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով բազմաթիվ տուժածներից ամենից ծանրը հուլիսի 17-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով կրծքային-որովայնային հրազենային վիրավորում ստացած ոստիկանի վիճակն է։
Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վերակենդանացման բաժանմունքում գտնվող ոստիկանի մոտ վիրավորումից վնասվել են լյարդը, բարակ և հաստ աղիները, ստոծանին, ինչպես նաև թոքերը։ Կլինիկայի մասնագետները փուլ առ փուլ պայքարում են հիվանդի վիճակը բարելավելու համար։ Անցած ամբողջ օրերի ընթացքում նրա վիճակը եղել է ծանր։ Թեև որոշակի ժամանակաընթացքում արձանագրվել էր դրական շարժընթաց, սակայն, պայմանավորված նրա վնասվածքների բնույթով և մեծ ծավալով` գրանցվում են նաև սպասվելիք բարդություններ։ Հիվանդի մոտ առավոտյան եղել է վիճակի որոշ վատացում։ Կազմակերպվել է կոնսիլիում։ Ոստիկանն օգոստոսի 1-ին երրրորդ անգամ վիրահատվել է։
Մասնագետները նրա վիճակը գնահատում են ծանր, կրկին միացված է արհեստական շնչառական սարք։
«Սասնա ծռերը» գրաված են պահել գնդի տարածքը մոտ 2 շաբաթ՝ հուլիսի 17-ից մինչև հուլիսի 30-ը: Այդ ընթացքում զոհվել է 2 իրավապահ, ևս 6-ը վիրավորվել են: