Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի բարձրլեռնային «Քամհուդ» զորավարժարանում մարտական ուսումնանյութական բազայի նոր օբյեկտ է բացվել` մոտ 1 հա մակերեսով ջրավազան:
Օբյեկտի կառուցմանը մասնակցել է ավելի քան 100 զինծառայող, 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա: «Ջրավազանը նոր հնարավորություններ է ստեղծում տանկերի և մարտական մեքենաների անձնակազմերի մարզումների համար` ջրային արգելքների հաղթահարման առումով»,-ասել է սպառազինության գծով հրամանատար, գնդապետ Անդրեյ Բրիզգալինը, հայտնում է ՌԴ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:
Առաջիկայում բարձրլեռնային «Ալագյազ» զորավարժարանի տարածքում կկառուցվի Տ-72Բ տանկերի ստորջրյա վարման համար նախատեսված ջրավազան:
Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան ստեղծվել է 1995 թ-ին ու ներկայումս մարտական հերթափոխ է իրականացնում ԱՊՀ Միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի ներքո: Ռազմաբազան իր հազար անձնակազմով ենթարկվում է ՌԴ զինված ուժերի Հյուսիս-կովկասյան ռազմական օկրուգին: Այն զինված է հակահրթիռային С-300 համակարգերով ու ՄԻԳ-29 կործանիչներով:
2011-ին ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը երկարացվեց մինչև 2044 թ.: