21 ապրիլի 2007 - 15:56 AMT
Կրասնոդարում հարգանքի տուրք են մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Թուրքիայում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին Կրասնոդարում մի շարք միջոցառումներ կկազմակերպվեն: Ինչպես հայտնել են Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի խմբագրությունում, 09.00-ից քաղաքի հայկական եկեղեցու բակում ուղիղ հեռարձակում է կազմակերպվելու Ցեղասպանության զոհերի Հուշահամալիրի զանգվածային երթից, որն անցնելու է Երեւանում: 11.00-ին Կրասնոդարի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում պատարագ է անցնելու, որից հետո հայկական կազմակերպությունների անունից ծաղկեպսակներ են դրվելու Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Խաչքարին: Միջոցառումը հայկական եկեղեցու բակում կավարտվի Հիշատակի հանրահավաքով:

16.00 Կրասնոդարի շրջանի մշակույթի վարչության շրջանային ցուցասրահում Կրասնդարում կբացվի Կրասնոդարի գեղանկարիչ Մխիթար Ասլանյանի ցուցահանդեսը` նվիրված Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին: Ցուցահանդեսը գործելու է մինչեւ մայիսի 13-ը: Նմանատիպ միջոցառումներ կանցնեն Կրասնոդարի շրջանի բոլոր քաղաքներում: