18 օգոստոսի 2016 - 16:37 AMT
Ռումինիայի ԱԳՆ-ն հերքել է ԱՄՆ միջուկային զենքի տեղակայման լուրը

Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է հաղորդագրություններն ամերիկյան միջուկային զենքը Թուրքիայից Ռումինիա տեղափոխելու մասին:

Ավելի վաղ Բրյուսելում լույս տեսնող EurActiv թերթը սեփական աղբյուրի վրա հղումներով հայտնել էր, որ ԱՄՆ-ն սկսել է Թուրքիայում տեղակայված միջուկային զենքը տեղափոխել Ռումինիա` վերջին շրջանում Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունների վատթարացման ֆոնին: Ըստ աղբյուրներից մեկի, երկու երկրների հարաբերություններն այնքան են վատթարացել Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո, որ Վաշինգտոնն այլևս չի վստահում Անկարային սպառազինության պահպանման հարցում:

«Ռումինիայի ԱԳՆ-ն կտրականապես հերքում է այդ լուրերը»,-ասվում է Ռումինիայի ԱԳՆ հայտարարության մեջ` ի պատասխան հարցման երկրում ԱՄՆ զենքի տեղակայման վերաբերյալ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեկուն հայտարարել էր, որ երկրի տարածքը չպետք է միջուկային արսենակի տեղակայման վայր դառնա` մեկնաբանելով ԱՄՆ միջուկային օբյեկտների հնարավոր տեղակայումը երկրում:

Ըստ Stimson Center վերլուծական կենտրոնի, սառը պատերազմի տարիներից ի վեր Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայի տարածքում կա ԱՄՆ մարտավարական միջուկային զենքի մոտ 50 միավոր:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայում ձերբակալել են ՆԱՏՕ-ի «Ինջիրլիկ» ռազմակայանի հրամանատար, գեներալ Բիքիր Էրկան Վանին, հայտնում է Sky News Arabia-ն: Ռազմական հեղաշրջման փորձից հետո ռազմակայանը մեկուսացվել էր և անջատվել էներգամատակարարումից: Ըստ Չավուշօղլուի, ավիաբազայի զինծառայողները մասնակցել են ապստամբությանը: Նա նաև նշել է, որ Թուրքիան կվերսկսի ԱՄՆ գլխավորած կոալիցիայի թռիչքները հեղաշրջման վերջնական ձախողումից հետո: