23 ապրիլի 2007 - 14:39 AMT
Բաքուն կասկածներ ունի ԱՄՆ-ի, որպես ղարաբաղյան գործընթացի միջնորդի, դիրքորոշման վերաբերյալ
Ադրբեջանի կառավարությունը որոշել է հետաձգել ադրբեջանական պատվիրակության այցը ԱՄՆ, որի ընթացքում ապրիլի 23-24-ին Վաշինգտոնում նախատեսվում էր երկկողմ խորհրդարկցություններ անցկացնել անվտանգության հարցերի վերաբերյալ: Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամլո կենտրոնի հաղորդագրության մեջ:

Որոշումը կապված է նրա հետ, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների վերաբերյալ 2006 թվականի զեկույցի նախապես հրապարակված տեքստում փոփոխություններ են կատարվել ղարաբաղյան հակամարտության մասում:

«Այդ հակամարտության լուծումը կապված է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանման հետ (Լեռնային Ղարաբաղը ենթադրվում է որպես Ադրբեջանի անբաժան մաս), որը առաջնային տարր է Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ անվտանգության ոլորտի լայն համագործակցության գործընթացում: Զեկույցի արդեն հրապարակված տեքստում կատարված ուղղումները, որոնք խախտում են ղարաբաղյան հակամարտության էությունը, տարակուսանք եւ կասկած է հարուցում ԱՄՆ-ի, որպես հակամարտության կարգավորման արդար միջնորդի, դիրքորոշման վերաբերյալ: Նման քայլերը կարող են լուրջ խոչընդոտներ ստեղծել երկու պետությունների միջեւ անվտ անգության ոլորտում հետագա համագործակցության համար»,-հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ադրբեջանական կողմից խորհրդակցություններում նախատեսվում էր արտգործնախարարության, պաշտպանության, արտակարգ իրավիճակների, ազգայիրն անվտանգության, ներքին գործերի նախարարությունների, Պետական սահմանապահ ծառայության, Պետական մաքսային կոմիտեի եւ Հատուկ պետական պահակային ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցություն, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»: