23 ապրիլի 2007 - 17:28 AMT
The Los Angeles Times: Նախագահ Բուշը չի արտասանի «ցեղասպանություն» բառը ապրիլի 24-ին
ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն, ըստ օրենքի, պարտավոր կլինի միանշանակորեն հայտնել իր կարծիքը ժամանակակից աշխարհաքաղաքականության առավել հետաքրքրական եւ մշտական բանավեճի վերաբերյալ. անվանել արդյոք 92-ամյա վաղեմության ցեղասպանությունը «ցեղասպանություն»: Ինչպես գրում է The Los Angeles Times-ը, 2007 թվականը կարող է դառնալ այն տարին, երբ վերապահումները, վերջապես, սազական չեն լինի նախագահին: «Կովկասի անզոր փոքր երկրի գաղթականների մշուշոտ սեւեռուն գաղափարը վերջին տարիներին այնպիսի ուժ է ձեռք բերել, որը գնալով ավելի դժվար է դառնում անտեսել: 2000 թվականին հայկական խնդիրը օգնեց ամերիկյան պատմության մեջ ամենաթանկարժեք նախագահական քարոզարշավին, երկու տարի առաջ այն վերածեց ԱՄՆ դիվանագետին ճշմարտությունն ասող տառապյալի: Այժմ հարցն այն է, թե ինչպես կարող են անցյալի իրադարձությունները ազդել հաջորդ ամիս Թուրքիայում կայանալիք ընտրությունների վրա»,-գրում է մեկնաբան Մետ Վելչը: Նրա կարծիքով, նախագահ Բուշը չի արտասանի «ցեղասպանություն» բառը ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում: Ըստ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի, «թուրքերն ու հայերը պետք է իրենց անցյալը պարզաբանեն առանց ԱՄՆ-ի օգնության»:
«Սակայն խնդիրը կմնա: Փոխզիջումների ենթակա բոլոր խնդիրներում ազգային փոքրամասնության զանգվածային ջարդը պետք է առաջին տեղում լինի ցեղասպանությունների ցուցակում: Լեհաստան ներխուժելուց առաջ Հիտլերը հայտարարել է. «Ո՞վ է հիմա հիշում հայերի սպանության մասին: Դա սարսափելի մի հիշեցում է, որ առաջին ցեղասպանությունը մոռացության մատնելը հանգեցնում է ապագայում նոր ցեղասպանությունների հնարավորությանը: Ի վերջո, Հիտլերը իրավացի չեղավ: Ժամանակավոր իշխանությունը բավականաչափ ուժեղ չէ, լռեցնելու համար ճշմարտության հավերժական ձայնը»,-ընդգծում է The Los Angeles Times-ը: