23 ապրիլի 2007 - 20:44 AMT
Առնոլդ Շվարցենեգեր. Հայերն էապես հարստացրել են Կալիֆորնիայի պատմությունն ու մշակույթը
Կալիֆորնիան հարազատ տուն է դարձել գրեթե մեկ միլիոն հայերի համար: Նահանգի հայ համայնքը ներկայացված է գործունեության գրեթե բոլոր ոլորտներում` գյուղատնտեսություն, բիզնես, կրթություն, հանրային ծառայություններ, սպորտ եւ մշակույթ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը: Հայերը պահպանել են իրենց ինքնատիպ ժառանգությունը, լեզուն ու կրոնը, այդպիսով հարստացնելով նահանգի բազմազան պատմությունը, արդյունաբերությունն ու մշակույթը:
Նշենք, որ Կալիֆորնիայում է բնակվում ԱՄՆ-ի ամենամեծ եւ ամենաազդեցիկ հայ համայնքը: Հիմնականում նրանք Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց ժառանգներն են: Հայ համայնքի ներկայացուցիչները ակտիվորեն մասնակցում են նահանգի քաղաքական եւ տնտեսական կյանքին: Այսօրվա դրությամբ Կալիֆորնիայում է լույս տեսնում ամենահեղինակավոր անգլալեզու հայկական The California Courrier թերթը, «Մասիս» թերթը, գործում են կիրակնօրյա դպրոցներ եւ եկեղեցիներ: Լոս Անջելեսում է գտնվում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: